Եթե ռիսկ պարունակող իրադրություններում անհաջողության հավանականությունն ավելի մեծ է, ապա հարց է ծագում. ինչու՞ են մարդիկ նման իրադրություններում գործունեություն սկսում, ինչու՞ են համարձակ քայլեր ձեռնարկում: Թվում է, թե ավելի ճիշտ կլիներ հրաժարվել նման գործունեությունից: Որո՞նք են խիզախության պատճառները: Հոգեբաններն առանձնացնում են ռիսկի դիմելու առնվազն երկու պատճառ.

ա) առաջինն այն է, որ անձը հաջողության դեպքերում մեծ շահույթ է ակնկալում, մեծ օգուտ է սպասում: Շահույթի մեծությունը գերազանցում է այն կորստի մեծությունը, որ մարդը կարող էր կրել անհաջողության մատնվելիս: Օրինակ վիճակախաղի տոմս ենք գնում` իմանալով,որ եթե տանուլ տանք, ապա կկորցնենք այդ փոքրիկ գումարը միայն, իսկ հավանականություն կա շահելու մեծ գումարներ, այդ թվում նաև ավտոմեքենա: Այդ պատճառով էլ բազմաթիվ մարդիկ գիտակցելով շահելու աննշան հավանականությունը (իմանալով նաև, որ հնարավոր են մեքենայություններ և խարդախություն), վիճակախաղի տոմսեր են գնում և տանուլ տալիս: Փոքրաթիվ հաջողակների մասին լուրերը կայծակի արագությամբ տարածվում են հասարակության մեջ և մարդիկ հույս են փայփայում, որ անձնական հաջողության հասնելն անհնարին չէ: Հաջողության հասնելու մոտիվացիան գերակշռում է անհաջողություններից խուսափելու դրդապատճառներին:

Այսպիսի դեպքերում մենք գործ ունենք իրադրական ռիսկի հետ:

Ինչպես ցույց է տալիս հավակնությունների մակարդակին նվիրված հետազոտությունները, մարդկանց ճնշող մեծամասնությունը հակված է խուսափել անհաջողություններից, այդ պատճառով ընտրում է միջին կամ ցածր հավակնություններ և, համապատասխանաբար` հեշտությամբ ձեռք բերվող նպատակներ և ռիսկի չի դիմում: Իսկ դա նշանակում է, որ խիստ վտանգավոր իրադրություններում ռիսկի դիմելն այնքան էլ տարածված մարդկային հատկություն չէ: Այս հատկությունը շատ կարևոր է անորոշ իրադրություններում վճիռներ կայացնելու համար: Պետք է նկատի առնել նաև, որ շատ հաճախ մարդիկ ռիսկի են դիմում արտաքին հանգամանքների ճնշման տակ, երբ այլևս այլ ելք չկա: Օրինակ, պատերազմի ժամանակ, երբ որևէ զորամաս ընկնում է շրջապատման մեջ, հրամանատարը ստիպված է լինում հրաման արձակել` ճեղքել օղակը և դուրս գալ շրջապատումից` իմանալով, որ կարող են զոհվել շատերը, այդ թվում նաև ինքը:

Արդարացված և չարդարացված համարձակություն: Այսպես են անվանում ռիսկի այն տեսակը, երբ թեր ու դեմ հանգամանքները կշռադատվում են, հաշվի է առնվում նաև գործի բարոյական կողմը, անձը ելնում է բարոյական վեհ չափանիշներից: Այս ամենի հիման վրա վճիռ է կայացվում ընտրել վտանգավոր տարբերակը, քանի որ անվտանգ եղանակն անընդունելի էր, օրինակ, անբարոյական լինելու պատճառով: Այսպիսի դեպքերում դեր են խաղում և՛ պատահականությունները, և՛ անձի անհատական գծերը:

Չարդարացված համարձակությունն այն է, երբ իրական պայմանները, հնարավորություններն ու բարոյական կողմը հաշվի չեն առնվում: Մարդը հույսը դնում է միայն պատահականության վրա:

Անշահախնդիր համարձակություն: Մարդիկ ի վիճակի են իրենց առջև դնելու նաև այնպիսի ավելի բարձր նպատակներ, որոնք գերազանցում են իրադրության պահանջները: Այսպիսի դեպքերում ասում են, որ նրանք վերիրադրական ակտիվություն են դրսևորում: Համապատասխանաբար ռիսկի այս տեսակն անվանում են անշահախնդիր կամ վերիրադրական (ռիսկ հանուն ռիսկի): Հետազոտությունները ցույց են տվել, որ մասնագիտություններ ընտրելիս կատարվում է յուրահատուկ բնական ընտրություն նաև անձնային այդ հատկությունների ազդեցության տակ: Այդպիսի անձինք, հակված լինելով ռիսկի դիմել հանուն ռիսկի, շատ են հանդիպում օդաչուների և տիեզերագնացների, մոտոցիկլիստների, մոնտաժողների և այլ մասնագետների շրջանում, ովքեր աշխատում են մեծ բարձրությունների վրա, կյանքի համար վտանգավոր պայմաններում:

Կան մարդիկ, ովքեր միշտ ձգտում են աշխատել վտանգավոր պայմաններում: Այս հանգամանքը բացահայտվեց ռիսկոմետր կոչված սարքի օգնությամբ կատարված գիտափորձերի ժամանակ (общая психология, под ред. А. В. Петровского): Խնդիրն այսպիսին է, թույլատրված տարածության մեջ ընտրում են որևէ նպատակակետ և աշխատում են անսխալ խփել նրան: Բայց կամ մի շերտ, որը վտանգավոր է համարվում, այստեղ ընկնելիս խաղացողին պատժում են: Պարզվեց, որ մի քանի փորձարկվողներ ձգտում են նպատակներ ընտրել այդ շերտին մոտ, թեև թվում է, թե ոչ ոք և ոչինչ նրանց չի ստիպում այդպես վարվել: Այլ անձինք նույն իրադրության մեջ, ընդհակառակը, ձգտում են հնարավորին չափով հեռու մնալ այդ վտանգավոր զոնայից:

Փորձերի կրկնություններն ու ստուգումները ցույց տվեցին, որ իսկապես կա մարդկանց մի խումբ, որը հակված է դիմելու անշահախնդիր ռիսկի:

Ավելացնենք, որ քննարկվող երևույթները կարելի է դիտել նաև զգուշության և անզգուշության, վախկոտության և խիզախության և այլ խնդիրների համատեքստում, այնպես որ նկարագրված հետազոտությունները հանգեցնում են նոր հարցերի: Մի բան պարզ է, որ որոշ մարդկանց մեջ շատ ուժեղ է համարձակ քայլերի դիմելու ռոմանտիկ պահանջմունքը, որը կարող է բազմաթիվ կոնկրետ ձևեր ընդունել, ռազմական արկածախնդրություններ, ավանտյուրաների այլ տեսակներ, համարձակություն պահանջող հայրենասիրական գործեր, հետախույզի, օդաչուի, տիեզերագնացի և այլ մասնագիտություններ, ավտո-փաթերակություն, գողություն և պրոֆեսիոնալ հանցագործություններ ընդհանրապես, որտեղ միշտ կա բռնվելու և պատիժ կրելու վտանգ և այլն:

Այս հատկությունն, անկասկած, պետք է կապել խառնվածքի և բնավորության հետ, քանի որ, ինչպես գիտենք, անձի կառուցվածքի այդ բաղադրիչները, հատկապես խառնվածքը ազդում են նրա սոցիալականացման ընթացքի վրա: Հիշենք Այզենկի տվյալներն այն մասին, որ անգլիական բանտերի փակված հանցագործների 3/4 –ը էքստրավերտ խառնվածքի տեր մարդիկ են:

Արդյո՞ք ուժեղ կամք ունեն միայն այն մարդիկ, ովքեր հակված են անշահախնդիր ռիսկի: Իհարկե ո՛չ: Կան գործունեության այնպիսի տեսակներ, որտեղ հաջողության հասնելու համար անհրաժեշտ են համառություն, հետևողականություն, տոկունություն, համբերատարություն, ճշտապահություն և այլ գծեր: Անշահախնդիր ռիսկի դիմելու հակված անձինք վատ են կատարում նման գործեր, ինչ ապացուցվել է փորձարարական եղանակով:

Դա նշանակում է, որ կան կամքի ուժի տարբերակներ: Դրանք հատկությունների տարբեր կոմբինացիաներ, տարբեր բարդույթներ են, որոնցից յուրաքանչյուրն արդյունավետ է գործունեության տարբեր ոլորտներում: Օրինակ, հետախույզին կամային գծերի այլ բարդույթ է պետք, քան տեսաբան գիտնականին: Բայց մի բան պարզ է, իրական նաճումների հասնելու համար և՛ մեկին, և՛ մյուսին ուժեղ կամք է պետք: Կամային գծերի բարդույթների կազմն երկու դեպքում նույնը լինել չի կարող:


www.hogeban.info

 

Make a free website with Yola