Երբ մենք մեր առջև որևէ նպատակ ենք դնում և ձգտում ենք հասնել դրան, ապա մեզանից հաճախ մեծ եռանդ, գործողությունների կազմակերպվածություն և հետևողականություն, ծագող դժվարությունները հաղթահարելու ընդունակություն է պահանջվում: Եթե զուրկ ենք այդ հատկություններից, ապա դրված նպատակին հասնել չենք կարող:

Սեփական գործողությունները գիտակցորեն կազմակերպելու և կարգավորելու և այդ ճանապարհով դրված նպատակին հասնելու ընդունակությունը անվանում են կամք: Կամքի անհրաժեշտություն զգացվում է հատկապես այն դեպքում, երբ գործունեությունը կատարելու մյուս դրդապատճառները թույլ են:

Կամքը բարդ հոգեկան երևույթ է, բայց նրա կառուցվածքը վերլուծելը և նկարագրելը շատ դժվար է: Մեր ներհաեցողությանը այն տրված է որպես ներքին ուժ. անձի ներհոգեկան որակ. գումարային մի երևույթ կամ ներքին էություն, որն իր նպատակներին է ծառայեցնում անձի մտավոր և ֆիզիկական ընդունակությունները: Սակայն կամքի կոնկրետ հոգեբանական ուսումնասիրության դեպքում ավելի ճիշտ կլինի ընդունել, որ այն գիտակցական նպատակ դնելու, վճիռներ կայացնելու և դրանք իրագործելու ընդունակությունն է:

Կամքի առկայությունն առանձնապես զգալի է այն դեպքում, երբ նպատակին հասնելու ճանապարհին խոչնդոտներ են հայտնվում և մարդ հաղթահարում է դրանք: Կամքը սերտորեն կապված է ինքնագիտակցության, ես – ի ուժի հետ:





www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.