Մարդու կամքը և բարոյականությունը

Գիտակցական կամքը և արժեքավոր նպատակների ձգտելը միշտ կապված է անձի բարոյական սկզբունքների հետ: Հաճախ մենք մեզ պարտավորված ենք զգում անդադար ջանքեր գործադրել, քանի որ մեր գործունեությունը պետք է մեր մերձավորներին, հասարակությանը, հայրենիքին: Այդ իսկ պատճառով կամային գործողություններ կատարելիս մենք շատ հաճախ բարոյական զգացմունքներ ենք ապրում` կոնկրետ հուզական վիճակների ձևով: Որքան ավելի ուժգին ենք մենք բարոյական հույզեր ապրում, այնքան ավելի մեծ եռանդ կարող ենք կենտրոնացնել դեպի նպատակը տանող ճանապարհին ի հայտ եկած դժվարությունները հաղթահարելու համար: Հայրենասիրության, պարտքի և պատասխանատվության, ամոթի և խղճի ապրումները մարդու կամքին կարող են մեծ եռանդ հաղորդել և մղել նպատակասլաց գործերի: Հնարավոր չէ մեծ ձեռնարկներ պլանավորել և իրագործել` առանց բարոյական նորմերի և զգացմունքների եռանդուն մասնակցության:

Բարոյական զգացմունքները դրդապատճառներ են, կարող են և՛ գործողությունների մղել մարդուն, և՛ զսպել նրան: Չէ՞ որ կամքի ուժ է պետք որոշ գործողություններից հետ կանգնելու, օրինակ, որոշ եսասիրական պահանջմունքների բավարարումից հրաժարվելու համար: Իզուր չէ, որ ասում են, թե մարդու համար ինքն իրեն հաղթելն ավելի դժվար է, քան թշնամիներին հաղթելը, դա ավելի մեծ կամք է պահանջում:

Այսպիսով, մենք հիշատակեցինք կամքի ֆունկցիաներից երկուսը` հիմնականները. ա) մարդուն ակտիվացնելու, գործունյա և նպատակասլաց դարձնելու և բ) զսպելու, սխալ և անբարոյական գործողություններից հետ պահելու ֆունկցիաները:



www.hogeban.info


 

Make a free website with Yola