Հոգեբանական խորհրդատվությունը հոգեբանական աջակցության և հոգեթերապիայի ձևերից է, որը իր էությամբ կիրառական է, գործում է իրավական դաշտում և իրականացվում է մասնագիտական որակավորում ունեցող անձի կողմից:

Հոգեբանական խորհրդատվություն իրականացնելու անհրաժեշտ պայմաններն են`

այցելուի ներկայությունը,

այցելուի կյանքում հոգեբանական խնդիրների առկայությունը, որը դիտվում է այցելուի, կամ իրեն շրջապատող անձանց կողմից,

կամավոր ցանկությունը լուծել այդ խնդիրը:

Հոգեբանական խորհրդատվությունը` խորհրդատուի և այցելուի համատեղ գործունեությունն է     նպատակաուղղված դեպի այցելուի սեփական խնդրի էության գիտակցմանն ու լուծումների որոնմանը: Խորհրդատվության ընթացքում խորհրդատուն շեշտադրում և հենվում է այցելուի ներքին հնարավորությունների, նրա ներուժի վրա: Խորհրդատվությունը իրականացվում է գաղտնապահ (կոնֆիդենցիալ) միջավայրում:

Այսպիսով` հոգեբանական խորհրդատվությունը տարբերվում է հոգեբանական այլ աջակցության ձևերից նրանով, որ այցելուին տրվում է ավելի ակտիվ դեր սեփական խնդիրների լուծման գործընթացում:

Հոգեբանական խորհրդատվության նպատակն է այցելուի մոտ ապահովել դրական ինքնազգացողություն, ձևավորել մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն և բերել նրան այն <<կետին>>, որից այցելուն կվերցնի իր վրա պատասխանատվություն սեփական անձի զարգացման համար` գիտակցաբար ընդլայնելով իր վարքային դրսևորումները, մշակելով վարքագծի այլընտրանքային եղանակներ, և վերջապես կարողանալ արդյունավետ որոշումներ կայացնել ստեղծված  իրավիճակներում և պատասխանատվություն կրել իր որոշումների համար: Խորհրդատվության արդյունքում ձևավորվում է մեծ թվով վերբալ (խոսքային) և ոչ վերբալ հիմնավորումներ առաջացնելու կարողություն, ինչը ապահովում է արդյունավետ հաղորդակցվելու հնարավորություն ինքն իր և միջավայրի հետ հաշվի առնելով մշակութային առանձնահատկությունները ու փոփոխվող իրավիճակները: Օրինակ` քիչ չեն մարդիկ, ովքեր լուրջ սթրեսային ապրումներ են ունենում, երբ անհրաժեշտ է լինում փոխել իրենց աշխատանքը, բնակավայրը, սովորույթները և այլն:

 

Հոգեբանական խորհրդատվության դասակարգումը

 

Ցանկացած դասակարգում, բաժանում, որպես կանոն, պայմանական է և կատարվում է ուսումնասիրման հարմարավետության նպատակով: Այդ իսկ պատճառով հոգեբանական խորհրդատվությունը փորձենք բաժանել երկու մեծ խմբերի`

1.Անհատական հոգեբանական խորհրդատվությունը

2.Խմբային հոգեբանական խորհրդատվությունը

Անհատական հոգեբանական խորհրդատվությունը նպատակաուղղված է հետևյալ խնդիրների` անձի զարգացման, ներանձնային կոնֆլիկտների, վախերի, հոգեբանական տրավմաների, միջանձնային խնդիրների բացահայտմանն ու լուծմանը:

Խմբային հոգեբանական խորհրդատվության նպատակն է ներխմբային խնդիրների բացահայտումն ու շտկումը, ինչպես նաև խմբում ներգրավված անձանց միջոցով և իրենց իսկ համար կորպորատիվ մշակույթի ձևավորումն ու զարգացումը: Հակասոցիալական և դրանից բխող օրինախախտ վարքի դրսևորման պատճառ կարող է հանդիսանալ տարբեր բնույթի խնդիրներ (ամուսնական, ընտանեկան և կազմակերպչական): Խմբային խորհրդատվությունը կարելի է դասակարգել, ելնելով տվյալ խմբի ներկայացուցիչների և իրենց խնդրի բնույթից.

Ամուսնական խորհրդատվություն`

·         ամուսնական միջանձնային խնդիրներ,

·         սեռական խնդիրներ,

·         ապահարզաններից առաջ և հետո իրավիճակներ,

·         ընդհանուր ամուսնական կոնֆլիկտներ

Ընտանեկան խնդիրներ`

·         ընտանեկան կոնֆլիկտներ,

·         միջանձնային խնդիրներ` ծնողներ-զավակներ, հարազատներ,

·         հոգեբանամանկավարժական խնդիրներ

Կազմակերպչական և ուսուցողական խնդիրներ`

·         կադրային քաղաքականություն

·         խմբի (կազմակերպության) իմիջի ձևավորում,

·         աշխատանքի արտադրողականության բարձրացում

·         թիմի կայացում

·         արդյունավետ հարաբերությունների ձևավորում գործընկերների հետանձի զարգացման արդյունավետ հաղորդակցման և գործարարական հմտությունների ձևավորում և զարգացում, որը ընդունված է անվանել թրեյնինգային գործունեություն:

 

Անհատական հոգեբանական խորհրդատվություն

Անհատական հոգեբանական աշխատանքը` հոգեբանի մասնակցությամբ հատուկ աշխատանքի ձև է, որի նպատակն է բարելավել այցելուի կյանքի որակը: Հոգեբանի հետ զրույցի ընթացքում այցելուն ավելի լավ է սկսում հասկանալ ինքն իրեն` սեփական ապրումներն ու տրամադրությունը, այս կամ այլ իրավիճակներում իր կողմից հակազդման բնույթն ու էությունը, ցանկություններն ու կարիքները:

Որպես կանոն հոգեբանական խորհրդատվությունը իրականացվում է հոգեբանի հետ կանոնակարգված հանդիպումների ձևով, որտեղ քննարկվում են այցելուին հուզող թեմաներ ու իրավիճակներ: Այդ հանդիպումները այցելուին հնարավորություն են տալիս բարելավել իր կյանքի որակը` հետզհետե տեսանելի փոփոխություններ մտցնելով իր որոշումներում և վարքի դրսևորումներում:

Հոգեբանական խորհրդատվությունը կարող է օգտակար լինել բոլոր այն անձանց համար, ովքեր տվյալ պահին ունեն հոգեբանական խնդիրներ.

·         անվստահություն

·         բարդ հարաբերություններ և կոնֆլիկտներ այլոց հետ

·         անհարմարություն հաղորդակցվելիս

·         տագնապ, սթրես, դեպրեսիա

·         հոգնածություն և անտրամադիր վիճակ

·         անբավարարվածություն սեփական կյանքով

·         անլիարժեքության զգացում

·         հարաբերությունների խզում

·         հարազատների և սիրած անձանց կորուստ և այլն:

 

Որպես կանոն հոգեբանական խորհրդատվությունը օգնում է`

 

·         հասկանալ, թե ինչ է կատարվում այցելուի կյանքում

·         բարդ իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնել

·         դարձնել վարքի դրսևորումները ավելի արդյունավետ

·         հաղթահարել հոգեբանական բարդությունները

·         վստահել սեփական ուժերին

·         իրականացնել սեփական հնարավորություններն ու ներուժը

և վերջապես հոգեբանական խորհրդատվությունը նպաստում է անձի զարգացմանը, անձնական աճին:

Անհատական հոգեբանական խորհրդատվության բնորոշումները բավականին շատ են: Ուշագրավ է այցելուակենտրոն փիլիսոփայության հենքի վրա ձևավորված հոգեբանական աջակցման ուղղությունը:

Այցելուակենտրոն թերապիայի հիմնադիր ամերիկյան հոգեթերապևտ Կ. Ռոջերսը առանձնացրել է այս ուղղությամբ երեք հիմնական սկզբունքները`

1.Ամեն անձ անկասկած և անվերապահորեն իրենից արժեք է ներկայացնում, ինչը կարևորման և հարգանքի է արժանի:

2.Ամեն անձ ի վիճակի է պատասխանատվություն վերցնել իր վրա:

3.Ամեն անձ իրավունք ունի ընտրել արժեքներ և նպատակներ, ինքնուրույն որոշումներ կայացնել:

Այսպիսով` հոգեբանական խորհրդատվության բնորոշումը իր մեջ պարունակում է խորհրդատուի հենքային վերաբերմունքի, մոտեցման կանոնը մարդու նկատմամբ ընդհանրապես, և այցելուի նկատմամբ մասնավորապես: Խորհրդատուն պետք է ընդունի այցելուին որպես եզակի, ինքնուրույն անհատի, որը ունի ազատ ընտրության, ինքնորոշման, սեփական կյանքով ապրելու իրավունք: Առավելապես կարևոր է ընդունել, որ ցանկացած ներշնչում, ճնշում խանգարում է այցելուին վերցնել պատասխանատվություն իր վրա և որոշում կայացնել սեփական խնդիրը լուծելու համար:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.