Սնահավատ լինել 21-րդ դարում կարծես դարձել է խենթություն արդեն շատերի համար, սակայն սնահավատություն ասվածը եղել է կա և կլինի բոլոր ազգերի և մշակույթների մեջ՝ դրսևորվելով յուրովի։

Թու թու․․․,-լսում եմ շատ հաճախ մարդկանցից, որոնք համոզիչ կերպով պնդում են, որ իրենք սնահավատ չեն:

Մենք չենք հավատում աչք ասածին, ամեն դեպքում թու թու թու․․․:

Պլատոնովը պնդում է, որ սնահավատությունը դա հին կրոններից մեզ հասած փշուրներն են կարծես, որոնք այսօր միախառնվել են հոգեբանության հետ՝ ներկայանալով որպես կպչուն վիճակների նևրոզ։ Սնահավատությունից ազատվելն, ըստ նրա, անհնար է, քանի որ դրանք արդեն մեր անգիտակցականի մասն են կազմում։

 Սնահավատությունների առաջացման հիմքում ընկած է պատճառահետևանքային կապը, այսինքն ես արեցի սա, որին հետևեց դա։

Սնահավատության տեսակներից են գուշակությունները, հորոսկոպները, սուրճի բաժակ նայելը, ինչպես նաև կանխազգացումներն ու ենթադրությունները, երազանք պահելը նույնպես սնահավատություն է, սակայն բոլոր այս տեսակների խթանիչ հիմքն իհարկե հավատն է, դրա համար շատերը կրոնն ու սնահավատությունը դնում են մեկ նժարի վրա։ Հարկ եմ գտնում նշել,  որ սնահավատությունը ավելի շատ զգում ես, քան հասկանում, և սնահավատության հիմքում ընկած են հույզերը։ Սպինոզան կարծում էր, որ սնահավատությունն առաջանում է վախի հետևանքով։ Սպինոզան պնդում է, որ սնահավատությունը միգուցե և կեղծ է, բայց ամենաանհրաժեշտն է մեծ ամբոխների համար, որնցից այն ջնջելն անհնար է, և ավելի լավ որ անհնար է, քանի որ ակամայից հիշում ենք Վոլտերի հայտնի թեզիսը, որ եթե Աստված չկա էլ, ամեն դեպքում արժեր հորինելը։

Այպիսով, մենք եկանք այն եզրակացության, որ բոլորս էլ ինչ-որ չափով սնահավատ ենք, իսկ որքանո՞վ է սնահավատությունը օգնում կամ վնասում անձին։ Եվ ինչու՞ են մարդիկ վախենում հիմար երևալ սնահավատությունների դեպքում, իսկ միգուցե ոչ բոլորը։

Մի շարք մարզիկներ պնդում են, որ մրցումներից առաջ իրենք ունեն հատուկ արտահայտությունների, գործողությունների ծիսակարգեր (ռիտուալներ), որոնց օգտագործումը նրանց հաջողություն է բերում, իրականում եթե այս ամենին նայենք հոգեբանական տեսանկյունից այդ արտահայտությունները, այդ ռիտուալները մեզ չեն պաշտպանում արտակարգ դեպքերից, սակայն այդ արտահայտությունների օգտագործումը թույլ է տալիս արագ և էկոնոմ ձևով ակտիվացնել սեփական ռեսուրսները, քանի որ այդտեղ առկա է փոխգործակցում արդեն անգիտակցական մակարդակի հետ՝ հիմնվելով մեր ինտուիցիայի վրա։ Իսկ ինտուիցիայի վրա հիմնվելը, դրա հետ մեկտեղ պահպանելով հագստությունն ու ինքնավստահությունը, իհարկե արդեն կարող են հաջողության խթանիչ հանդիսանալ։

 Հոգեբանության մեջ Սկիններն առաջինն էր, ով ապացուցեց, որ սնահավատ կարող են լինել ոչ միայն մարդիկ, այլև կենդանինները։ Նա բացատրում էր սնահավատությունը հետևյալ կերպ, այն կեղծ կապ է, որն առաջանում է սեփական գործողությունների և դրանց հետ իրականում չկապվող իրադարձությունների միջև, որոնց հաստատման դեպքում դրանք կայունորեն ամրապնդվում , և սխալ լինելու փաստը միանգամից դուրս է մղվում։

 Անձնային սնահավատություն ասվածը երբեմն շատ ծանր հարվածներ է հասցնում անձի առողջությանը՝ զուգակցվելով մտածողության դեստրուկտիվ տեսակի հետ։ Քանի որ ոչ կազմակերպված մարդիկ հաճախ են ամեն ինչ թողնում բախտի հույսին և դադարում են հետևել իրենց առողջությանը, մտածելով որ ամեն ինչ նախօրոք կանխորոշված է։ Սակայն նույն հաջողությամբ սնահավատությունը հոգեբանության մեջ կարող է ծառայել որպես անտիդեպրեսանտ, քանի որ եթե կա այնպիսի միտք, որը օգնում է դիմացինին դուրս գալ ստեղծված իրավիճակից, հաղթահարել վախը և զգալ ինքնավստահ, ապա դա արդեն դրական արդյունք է։

Ամերիկացի գիտնական Վայսը խորությամբ ուսումնասիրելով սնահավատությունների թեման դրան տվեց հետևալ բնութագիրը՝ սնահավատություն է դառնում այն ծիսակարգը, որին դու տալիս ես ինչ-որ յուրօրինակ կախարդական նշանակություն: Նրա կարծիքով, օրինակ եթե դու մրցումներից առաջ կրկնում ես ոգեշնչող բառեր ու կարծում ես, որ այն օգնում է քեզ, ապա դա սնահավատություն չէ, իսկ եթե մտածում ես որ գնդակին ինչ-որ սահմանված թվով հարվածելը քեզ հաջողություն է բերում, ապա դա սնահավտություն է և պահանջում է թերապևտիկ միջամտություն, քանի որ նրանք այդ գործողությունները կրկնում են ամեն անգամ: Սնահավատությունը առավել վտանագավոր է, եթե անձը հակում ունի խաղամոլության: Երբեմն սնահավատությունը հանգեցնում է տագնապային վիճակների։ Դրա համար հարկավոր է ուշադիր լինել սեփական մտքերի մեջ, եթե դուք տագնապի ազդանշաններ եք զգում, անհանգստացած եք, վատ եք քնում, ունեք կպչուն մտքեր, զգում եք, որ անզոր եք ինչ-որ մտքի դիմաց, ապա ամեն դեպքում դուք համոզված կլինեք դա սնահավատություն է թե ոչ, դիմել  հոգեթերապևտի օգնությանը ուղղակի անհրաժեշտություն է։

Մյուս կողմից, ինքնավստահությունն ու անվտանգության զգացումն ամենալավ պարգևներն են, որոնք մենք հուզակնորեն ստանում ենք սնահավատ վարքից։ Դրանց շարքում կարելի է նշել թալիսմանների կրումը, որը հաջողություն է բերում շատերի կարծիքով։ Ըստ Ֆոքսմանի՝ այստեղ արդեն գործում է պլացեբոյի էֆֆեկտը, որը հսկայական ներուժ ունի։ Իսկ սնահավատության ֆոբիատիպ տեսակը կյանքում մեծ դժվարությունների պատճառ է դառնում։ Օրինակ՝ վախենալ ուրբաթ 13 ից։ Վայսի հետազոտությունները ցույց տվեցին, որ կանայք ավելի սնահավատ են, քան տղամարդիկ, քանի որ կանայք ավելի տագնապային են, քան տղամարդիկ, այսպիսով կարելի է ասել , որ տագնապայնության և սնահավատության մեջ սերտ կապ գոյություն ունի։ Այսինքն ավելի հավասարակշռված, հուզականորեն կայուն անձի սնահավատ լինելու հավանականությունն ավելի քիչ է։ Այնուամենայնիվ, այն ամենն, ինչը չի անցնում նորմայի սահմանները վտանագավոր չէ, և ցանկացած անձ ինքն է ընտրում՝ որքան է ուզում սնահավատ լինել այդ նորմայի սահմանների մեջ։

Իսկ դու՞ք վերջին անգամ, երբ եք թխկթխկացրել փայտին, կամ աստղագուշակ կարդացել։

  

www.hogeban.info



 

Make a free website with Yola