Սթրեսի պատմությունը և ուսումնասիրությունները

«Սթրես» բառը շրջանառության մեջ է մտել 19-րդ դարից։ Սթրես տերմինը գիտական աշխարհում առաջին անգամ գործածել է Ու. Քենոնը։ Տերմինը առաջացել է անգլերեն stress բառից, որ նշանակում է ճնշում, լարվածություն։

Սթրեսի տեսությունը մշակել և զարգացրել է կանադացի բնագետ, էնդոկրինոլոգ և կենսաբան Հանս Սելյեն 20-րդ դարի 30-ական թվականներին։ Նա սթրեսը սահմանեց որպես ընդհանուր ադապտացիոն համախտանիշ (ԸԱՀ), տարբերակեց էվսթրեսը(eustress) դիսթրեսից(distress), տարանջատեց սթրեսի ընթացիկ փուլերը։ Ըստ Սելյեի սահմանման սթրեսը օրգանիզմի ոչ յուրահատուկ (ոչ սպեցեֆիկ) պատասխանն է, ռեակցիան միջավայրի ցանկացած փոփոխությանը (յուրահատուկ ազդակներին): Օրգանիզմը չի կարող անտարբեր մնալ ներքին և արտաքին ազդեցությունների նկատմամբ, նա անպայման պատասխան ռեակցիաներ է տալիս, որոնց վերջնական նպատակը միջավայրի պայմաններին հարմարվելն է՝ ադապտացիան։ Սելյեն այդ պատասխան ռեակցիաներում մի ընդհանուր բան է առանձնացրել. «Բջջի և օրգանիզմի հարմարողական բիոքիմիական ռեակցիաները զարմանալիորեն նման են անկախ ազդեցության բնույթից»: Ցանկացած պահանջ, որ ներկայացվում է օրգանիզմին, որոշ չափով ինքնատիպ է։ Բայց բոլոր ազդեցությունները ներկայացնում են մեկ ընդհանուր պահանջ՝ վերափոխման ոչ սպեցեֆիկ պահանջը, որը կայանում է ներկայացված դժվարությանը ադապտացվելու մեջ, ինչպիսին էլ այն լինի։ Ադապտացիոն ֆունկցիաներ իրագործելու պահանջը առաջացնում են մեր վրա ազդող բոլոր գործոնները, անկախ իրենց յուրահատուկ էֆեկտից։

Այսպիսով, ըստ Սելյեի` սթրեսը միշտ ուղեկցվում է օրգանիզմում ֆիզիոլոգիական փոփոխություններով, և անկախ սթրես առաջ բերող ազդակի, օրգանիզմը սթրեսին միշտ միատեսակ արձագանք է տալիս, որի ժամանակ տեղի ունեցող ֆունկցիաները վերականգնում են օրգանիզմի նորմալ վիճակըհոմեոստազը, հավասարակշռությունը, որ խախտել էր ազդակը։ Հենց այդ ոչ յուրահատուկ պահանջը, ըստ Սելյեի, կազմում է սթրեսի էությունը:

Սելյեից հետո շատերը նույնպես ուսումնասիրեցին սթրեսի ազդեցությունը օրգաիզմի վրա, օրինակ Լորեն լե Շանը ուսումնասիրեց սթրեսի ազդեցությունը քաղցկեղային բջիջների վրա: Ջորջ Էդվելը կապեց սթրեսը և խոցային կոլիտը: Մայեր Ֆրիդմանը և Ռեյ Ռոզենմանը կապ գտան սթրեսի և սրտի իշեմիկ հիվանդության մեջ: Այնուհետև հոգեբանները փորձեցին գտնել մեթոդներ, որոնք կթուլացնեն կամ կվերացնեն սթրեսի ազդեցությունը: Դրանց շաքում էին պրոգրեսիվ ռելակսացիան, աուտոգեն մարզումները, ինքնաներշնչումը և այլն:

www.hogeban.info

 

Make a free website with Yola