Անհատական առանձնահատկությունների ազդեցության գործոնը բաժանվում է կենսաբանականի և սոցիալականի, որոնք իրենց մեջ ներառում են նյարդային համակարգի առանձնահատկությունները, արտաքին ֆիզիկական նշանները` մարմնի կառուցվածք, ձայնային առանձնահատկություններ և սոցիալական բնութագրերը (ըստ Կիրիլ Վասիլևի):

Արտաքին ֆիզիկական նշաններից են աչքերը, որոնք վերլուծում են օբյեկտիվ երևույթներն ու փաստերը և շատ հազվադեպ են խաբում ամենօրյա կյանքում: Նույնիսկ նորմալ լսողությամբ մարդը կարող է սխալ լսել, բայց նորմալ տեսողությունը, նորմալ լուսավորության պայմաններում երբեք չի խաբում: Սիրահարների աչքերը արտացոլում են ներքին կրակի լույսը: Աչքերը կարող են շշնջալ <<այո>> կամ <<ոչ>>, խոստանալ կամ մերժել: Աչքերը հնարավորություն են տալիս որոշելու, թե տվյալ անձնավորությունը համապատասխանում է մեզ, թե ոչ: Այսպիսով, իրական կյանքում շատ հաճախ մոխրագույն և բաց աչքերով մարդկանց շատ դուր են գալիս մուգ գույնի աչքերով և մազերով մարդիկ: Բաց երանգով աչքերով մարդիկ իրենցից ներկայացնում են հիանալի էներգետիկ դոնորներ, իսկ մուգ գույնի աչքերով անհատները կլանում են այդ էներգիան: Երկու բաց գույնի աչքերով զույգերի ամուսնությունը շատ հաճախ փլուզվում է, քանի որ յուրաքանչյուրը ցանկանում է ընտանիքում գրավել գլխավոր տեղը:

Խոսելով մարդու քթի ձևի մասին` Լաֆատերը ասում է, որ լավ արտահայտված մեծ քիթը բնորոշ է խոլերիկներին, իսկ բարակ և երկար քիթը բնորոշ է մելանխոլիկներին, կլոր և մսոտ քիթը` ֆլեգմատիկներին, իսկ սանգվինիկներն ունեն սուր քիթ և էլիպսաձև գլուխ:

Ասում են շրթունքները խոսում են, երբ նույնիսկ նրանք պինդ սեղմված են: Ներքև իջնող անկյուններով շրթունքները բնութագրում են մելանխոլիկներին և խոլերիկներին, դեպի վերև գնացող անկյուններով շրթունքները սանգվինիկինն են, իսկ ֆլեգմատիկների շրթունքներն ունեն հորիզոնական դիրք:

Մարդու մազերը նույնպես հանդիսանում են գրավչության տարր. փայլուն, փարթամ և փափուկ մազերը նույնիսկ տգեղ կանանց դարձնում են համակրելի:

Խոսելով մարմնի կառուցվածքի և ձևի մասին հարկ է նշել, որ տղամարդու բարձր հասակը առավելություն է համարվում, սակայն ամերիկացի հոգեբանների կարծիքով աղջիկներն հաճախ ընտրում են միջահասակներին: Բարձրահասակ կանայք իրեք իրենց գրավիչ չեն համարում և կարծում են որ տղամարդիկ չեն համարձակվում ժամադրել իրենց: Նրանք քայլում են կռացած` կարծես ցանկանալով ավելի ցածրահասակ երևալ:

Թեթև գիրությունը շատ ազգերի ու մշակույթների մոտ հաճելի է համարվում, սակայն ժամանակ առ ժամանակ ավելի մոդայիկ են դառնում մարմնի տափակ ձև ունեցող կանայք ու տղամարդիկ: Միջինից գեր մարդիկ հաճելի չեն ո´չ կանանց, և ո´չ էլ տղամարդկանց: Իրականում մարմնի կառուցվածքի ընկալումը գրեթե միշտ մի փոքր աղավաղված է լինում, և շատերը հավատացած են, թե իդեալական կառուցվածք ունեն: Կանայք ավելի շատ գերադասում են, որ իրենց ամուսինները մի փոքր ավելի նրբակազմ լինեն, քան կարծում են տղամարդիկ:

Գեղեցիկ և երկար ոտքերով կանայք, եթե նույնիսկ տգեղ են, համակրելի են թվում (Արիստենտ): Ե´վ կանանց, և´ տղամարդկանց մոտ սիրային օբյեկտի ընտրության մեջ շատ կարևոր փաստ է համարվում մարմնի և դեմքի համաչափությունը: Սիրահարների համար աշխարհի ամենահիանալի պատկերը դա իր սիրած էակի դեմքն է, իսկ ամենաքաղցր երաժշտությունը նրա սիրած էակի ձայնը (Լաբրյուեռ):

Ձայնը մեծ դեր է խաղում սիրած էակի ընտրության հարցում: Բամբ ձայնով տղաները հաճախ ընտրում են փափուկ ձայնով կանանց և այլն: Զրույցը դա կենդանի, անընդհատ ազդող ազդանշաանային կապ է սիրահարների գիտակցության մեջ: Մենք սիրում ենք լսել, ում նկատմամբ անտարբեր չենք: Երբ ինչ-որ մեկը սկսում է մեզ ասել շատ հաճելի խոսքեր, մեզ սկսում է դուր գալ այդ մարդու ձայնը: Բայց հարկավոր է հիշել, որ տղամարդկանց մոտ առավել լավ զարգացած են տեսողական զգայարանները, իսկ կանանց մոտ`  լսողականը: Դրա համար էլ ասում են, որ կանայք սիրում են ականջներով, տղամարդիկ` աչքերով:

Ապացուցելով մարդու արտաքին տեսքի մեծ ազդեցությունը ընտրության վրա` գիտնականները նշում են, որ մեր գլխուղեղին հարկավոր է ընդամենը 8վրկ, որպեսզի առաջին անգամ տեսած մարդուն գնահատի և ինքն իրեն ասի <<այո>>, կամ <<ոչ>>:

Ընտրության վրա ազդում է նաև մարդու վարքը և թե նա ինչպես է դրսևորում իր հույզերը: Ե´վ կանայք, և´ տղամարդիկ ավելի երջանիկ են համարում նրանց, ովքեր երջանիկ տեսք ունեն, իսկ մռայլ մարդիկ համակրանք չեն հարուցում, ահա թե ինչու խորհուրդ է տրվում հաճախակի ժպտալ:

Ժպիտը բարելավում է հոգեվիճակը: Կանանց ավելի շատ դուր են գալիս այն տղամարդիկ, ովքեր տիրական, դոմինանտային վարք են դրսևորում, իսկ տղամարդկանց դուր են գալիս հեզ, համեստ, ընտանասեր, զիջող կանայք:

Մարդկանց անունները նույնպես ազդում են գրավչության վրա: Զավեշտական անունները միայն հակակրանք են առաջ բերում, և միայն շատ լավ արտահայտված ֆիզիկական և հոգեբանական գրավչությունն է որոշ չափով փոխհատուցում վատ անվան բացասական ազդեցությունը:

Կանայք և տղամարդիկ նաև մեծ տեղ են հատկացնում ազնվությանը: Սակայն կան մարդիկ, որոնք այնքան մեծ նշանակություն են տալիս արտաքին տեսքին, որ չեն ցանկանում տեսնել, թե նրանց մաշկի տակ ինչ հոգեկան գծեր է թաքնված: Ընտրության մեջ շատ մեծ նշանակություն ունի նաև կնոջ և տղամարդու սոցիալական (աշխատանքը) որակները: Կինը և տղամարդը հաճախ այնպիսի մարդու են ընտրում, որն ունի նույն կրթության մակարդակը, նույն ավանդույթների մեջ է մեծացած, նման կամ նույն կուլտուրայով: Այսպիսի ընտրությունը առավել շատ արտահայտված է եղել ֆեոդալական ժամանակաշրջանում: Սակայն բոլորի համար էլ շատ մեծ նշանակություն ունի հասարակական կարծիքը: Մարդիկ մեծ նշանակություն են տալիս սոցիալական արժանապատվությանը, որն իր մեջ ներառում է հանրաճանաչությունը, հմայքը և հեղինակությունը: Այս ամենը կարող է արտահայտվել կրթվածության, տաղանդի, ռիսկային գործողությունների, լավ աշխատանքի, բարձր դիրքի, շփվողականության և հարստության մեջ:

Ընտրության մեջ իր կարևոր դերն է խաղում նաև մարդու հագուստը, քանի որ հագուստը մարդու <<երկրորդ մաշկն>> է: Հարու՞ստ է մարդը, թե՞ աղքատ, ի՞նչ սոցիալական դիրք ունի և ի՞նչ տարիքային խմբի է պատկանում, կարելի է որոշել հագուստի միջոցով: Մարդու հագնվելու ձևը, հագուստի ոճը արտացոլում է արժեքների հասկացողությունը, քաղաքակրթության անհատական մակարդակը, ճաշակի առանձնահատկությունները և բնավորությունը: Նորաձևությունը թողնում է զգայական-ակնառու ազդեցություն: Մի կողմից հաճախ պատահում է, որ գեղեցիկ աղջիկները իրենց վրա ուշադրություն չեն գրավում միայն նրա համար, որ նրանք ուշադիր չեն իրենց արտաքինի նկատմամբ, կրում են ոչ արտահայտիչ, անճաշակ հագուստ և ուշադիր չեն իրենց արտաքին տեսքի նկատմամբ: Իսկ մյուս կողմից էլ ոչ այնքան համակրելի կանայք կարող են իսկսպես մեծ ազդեցություն թողնել, բարձրացնել իրենց հեղինակությունը ոչ միայն իրենց աչքերում, այլև հակառակ սեռի` ընտրած հագուստի, նորաձև սանրվածքի և կոշիկների միջոցով: Հարցումներից պարզվել է, որ հագուստին ուշադրություն է դարձնում կանանց 35%-ը, տղամարդկանց` 25%-ը, որոնց ավելի շատ հետաքրքրում է կնոջ մարմնի կառուցվածքը: Դեմքին ուշադրություն են դարձնում կանանց 27%-ը, տղամարդկանց 24%-ը, իսկ մազերին 2 սեռերն էլ հավասար` 16%:

Մարդու նյարդային համակարգը, նրա առանձնահատկությունները, որը կազմում է մարդու կոնկրետ բնավորությունը, նույնպես մեծ դեր է խաղում սիրած էակի ընտրության մեջ: Նյարդային համակարգ և բնավորություն հասկացությունները լիովին չեն համընկնում: Առաջինը վերաբերվում է մարդու ֆիզիոլոգիային, իսկ երկրորդը` հոգեբանությանը, որը հարաբերական կայուն է և ենթարկվում է դաստիարակությանը:

 

Խառնվածքի տիպերն են.

 

Մելանխոլիկներ – հուզական, հանգիստ, չշփվող, զսպված, պեսիմիստ, հակված է մտորելու, ոչ ճկուն, անհանգիստ, տագնապային, հեշտությամբ է ընկնում տխրության մեջ:

 

Ֆլեգմատիկ – հանգիստ, կայուն, հուսալի, վստահություն ներշնչող, խաղաղասեր, բարյացակամ, կշռադատող, պասիվ: Այսպիսի զույգի վրա կարելի է միշտ հույս դնել, բայց երբեմն նրանց հետ ձանձրալի է:

 

Խոլերիկ – աշխույժ, զգայուն, անհանգիստ, դրդվող, փոփոխական, իմպուլսիվ, նրանք զույգերին վարակում են իրենց կրքով: Նրանց գերի ընկնելը ճակատագրային և քաղցր անխուսափելիություն է, բայց, եթե ընտրյալը վատ է դաստիարակված, ապա դուք կգտնվեք աննախանձելի վիճակում:

 

Սանգվինիկ – շփվող, արձագանքող, անկաշկանդ, կենսուրախ, անհոգ, նախատեսող: Նրանք շատ ընկերներ են ունենում, շատ շուտ սիրահարվում և հիասթափվում են: Կարող է սիրո խոստումներ տալ մեկին և մյուս վայրկյանին նրան կարող ենք տեսնել արդեն մեկ ուրիշի գրկում:

 

Ինչքան էլ, որ զարմանալի է, շատ վատ հոգեբանական համատեղելիություն են ցուցաբերում <<սանգվինիկ – սանգվինիկ>>, <<խոլերիկ – խոլերիկ>> զույգերը: Անձնական փոխհարաբերություններում նման զույգերից յուրաքանչյուրը կգործի իր ուզածով` ցանկանալով կատարել առաջնորդի դերը: Ռեակցիայի արագությունից ելնելով` կարող ենք ասել, որ <<ֆլեգմատիկ – ֆլեգմատիկ>> զույգը նույնպես հոգեբանական համատեղելիության օրինակ չեն: Մելանխոլիկները չեն համակերպվում միայն խոլերիկների հետ:

Կան մարդիկ, որոնց մոտ առավել լավ արտահայտված են ֆիզիկական տարվածության և թույլ` հոգեբանական նշանները: Այս տիպի մեջ առավել շատ մտնում են տղամարդիկ և ուժեղ սեռական բնավորությամբ կանայք: Կան մարդիկ, որոնց մոտ շատ լավ է արտահայտված հոգեբանականը և թույլ` ֆիզիկականը, որն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց և թույլ բնավորությամբ կանանց մեջ: Զգայուն, բռնկվող մելանխոլիկների և ֆլեգմատիկների մոտ սերը բավականին երկարաժամկետ է, խոլերիկների և սանգվինիկների մոտ առավել կարճ է տևում և շուտ հանգում, նրանց մոտ զգացմունքայնությունը կարճ է:

Ինտրովերտների մոտ առավել շատ արտահայտված են սիրո հոգեբանական շերտերը, իսկ էքստրավերտների մոտ` ֆիզիկականը:

Այսպիսով, սերը դա մարդու ներքին շողքն է, նրա բնավորության և խառնվածքի արձագանքը, նրա կենսաբանականի և հոգեբանականի հայելին և սիրո որակավորման համար անհրաժեշտ է պարզել ու անդրադառնալ ոչ միայն արտաքին, այլև ներքին արմատներին:

 

www.hogeban.info

 

 
Make a Free Website with Yola.