Երբ մենք տեսնում ենք որևէ նոր մարդու, հատկապես, երբ ծանոթանում ենք նրա հետ, անմիջապես և անկախ մեր կամքից փորձում ենք հասկանալ, թե ինչ անձնային գծեր ունի, ինչ դիրք է գրավում հասարակության մեջ, ինչ մասնագիտություն ունի և այլն: Այլ կերպ ասած մենք փորձում ենք դուրս գալ անմիջական զգայական ընկալման սահմաններից և իմանալ այն, ինչ ընկալման պատկերի մեջ մեզ տրված չէ:

Այս երևույթի իրական լինելը ստուգում են հետևյալ պարզ փորձի օգնությամբ. Փորձարկվողներին ցույց են տալիս երկու տղամարդկանց նկարներ, որոնցից մեկը հաճելի արտաքին ունի, իսկ մյուսը` տհաճ: Խնդրում են ասել, թե նրանցից յուրաքանչյուրը բնավորության, խառնվածքի, վարքի և այլ ինչ գծեր ունի: Չնայած ընկալված ինֆորմացիան այնքան էլ հարուստ չէ, փորձարկվողները կարողանում են դուրս գալ նրա սահմաններից և ասում են, որ հաճելի արտաքինով մարդը բարեհոգի, հաճելի բնավորությամբ մարդ է, ունի ավելի բարձր սոցիալական դիրք, ավելի նվիրված ամուսին է, ավելի հետաքրքիր անձնավորություն է, քան նա ով ունի տհաճ արտաքին: <<Նման մեկնաբանություն անելիս փորձարկվողները տալիս են իրենց նախօրոք հայտնի որոշ թվով փոխկապակցված մարդկային գծերի մասին պատկերացումներ, գծեր, որոնք նրանց կարծիքով բնորոշ են որոշակի արտաքին ունեցող մարդկանց: Դրանք ստերիոտիպ պատկերացումներ են, որոնց օգնությամբ մարդիկ իմաստավորում են իրենց սոցիալական ընկալումները>>:

Կյանքի ընթացքում մեզանից յուրաքանչյուրը տարբեր արտաքին ունեցող մարդկանց հոգեբանական հատկությունների մասին ձեռք է բերում ստերիոտիպ պատկերացումներ, որոնք հաճախ սխալ են: Ընդ որում սխալ պատկերացումները, որոնք տարածվում են ոչ միայն ավանդույթների բանավոր փոխանցմամբ, այլև գեղարվեստական գրականության միջոցով: Սակայն որքան էլ սխալ լինի տվյալ պատկերացումները յուրաքանչյուր մարդ էլ իր կողմից ընկալվող ամեն մի նոր ծանոթի իմաստավորում, ընկալում է այդ պատկերացումների դիրքերից: Ներկայացնենք մի քանի ստերիոտիպ պատկերացումներ:

Լայնորեն տարածված է մի կարծիք, ըստ որի, օրինակ, հաստ շրթունքներով մարդիկ հակված են զգայական հաճույքների, իսկ բարակ շրթունքներ ունեցողները դաժան են, մեծ աչքերը վառ իմացության, արթուն մտքի նշան է, փոքր և շարժուն աչքերը` նախանձի և չարաճճիության: Բարձր և լայն ճակատը մեծ խոսքի նշան է, թեթև ուռած, կլոր ճակատը բնորոշ է փառասեր, ընդդիմադիր, մի փոքր հանդուգն մարդկանց, իսկ ճակատի վրայով անցնող ուղղաձիգ ուռած երակը մեծ կարողությունների նշան է: Դեռևս հնում գոյություն ուներ մի գիտություն, որն անվանում էին դիմագիտություն: Այն զբաղվում էր մարդկանց դեմքի միջոցով նրանց <<ներքին որակները>> որոշելով: Դիմագետները գտնում էին, որ ուղղանկյունաձև դեմք ունեցող մարդիկ հեռատես, զգայուն, ազնիվ ու հանգիստ են: Սովորաբար նրանք կյանքում մեծ երջանկության ու հաջողության են հասնում: Եռանկյունաձև դեմքը խորամանկության, խանդոտության, չհամակերպվողության և կասկածամտության նշան է: Քառակուսու ձև ունեցող մարդկանց դեմքը բնորոշում է բարություն, համառություն, ուշ և դժվար հասկացում: Կլոր դեմքի ձև ունեցող մարդիկ սիրում են գեղեցկությունը, նուրբ են, մեղմ և մատերիալիստ:

Այսպիսով ստերիոտիպերն ունեն և´ դրական, և´ բացասական կողմերը զույգի ընտրության գործընթացում: Դրական կարելի է համարել այն, որ մարդիկ դրանց միջոցով լրացնում են ինֆորմացիայի պակասը: Սակայն հարկ է հիշել, որ նման ինֆորմացիան հաճախ սխալ է լինում. օրինակ, շատ մարդիկ հրաժարվում և խուսափում են շփվել կապույտ աչքերով մարդկանց հետ` համարելով նրանց խորամանկ: Կարելի է ասել, որ ստերիոտիպ պատկերացումները զույգի ընտրության գործընթացում ունեն իրենց ազդեցությունը միայն սկզբնական շրջանում` ծանոթության փուլում, երբ դեռ զույգի անձնային գծերը լիովին բացահայտված չեն, սակայն այդ պատկերացումները մեծ նշանակություն ունեն մարդու կյանքում, քանի որ ամեն ինչ սկսվում է ծանոթությունից:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.