Մեր կյանքի մեծ հատվածը վատնում ենք սխալների և հիմար քայլերի վրա, հիմնական հատվածը` անգործության, և ընդհանրապես, մեր ամբողջ կյանքը նրանում է, որ մենք  միշտ անում  ենք այն, ինչ հարկավոր չէր անել

Սենեկա

Ամեն առավոտ դժվարությամբ եմ արթնանում, այդ զարթուցիչի ձայնն արդեն տանել չեմ կարող, ստիպված վեր եմ կենում, սկսում եմ կիսաքնած հագնվել, հետո լվացվել……… և այսպես ամեն օր մտնում եմ կյանք:

Ամենը, ինչ կա երկրի վրա, ինչը նյութական է, մերը չէ, մեր սեփականությունը միայն ժամանակն է, իսկ մենք այն չենք գնահատում:

Երբ սկսում ես զգալ, որ ժամանակը ուղղակի սլանում է, փախչում, և դու չես կարողանում բռնել նրան, լարվում ես, որպեսզի չկորցնես այն, բայց այն ավելի արագ է սկսում սլանալ: Հին հույները յուրաքանչյուրն իրենց տանը մի քար էին պահում, որի վրա գրված էր. <<Ժամանակը փախչում է>>: Այն նրա համար չէր գրված, որ հիշեցներ, թե որքան արագ է սլանում կյանքը, այլ նրա համար, որ կարողանաս այդ ժամանակը լցնել:

Կա մի շատ հետաքրքիր հոգեբանական ֆենոմեն, ըստ որի հիշողության մեջ մնում են կյանքի այն հատվածները, որոնք ավելի հագեցած են եղել: Եթե փորձեք ամսվա մեջ հիշեք ձեր մի օրը ամբողջական կերպով, ապա կզգաք, որ կան հատվածներ, որ մոռացել եք` դա հենց այդ ոչ հագեցած հատվածներն են:

Չե՞ք հարցրել ձեզ` ամեն օր ինչքան  ժամանակ եք կորցնում

<<Ժամանակը չի հերիքում>>. Սա դարձավ 21-րդ դարում  մարդկանց հիմնական դժգոհությունը:

Ինչքան հաճախ մենք պլանավորում ենք , բայց չենք հասցնում, պայմանավորվում ենք, բայց ուշանում, մտապահում ենք, բայց մոռանում, իսկ ժամանակը չի սպասում: Հետո էլ մեզ արդարացնելու համար ասում ենք, որ ժամանակը հարաբերական է: Բոլորին էլ ծանոթ են զգացողություններ, երբ հետևում ես ժամանակին և տենչում, որ շուտ անցնի, այն սկսում է դանդաղել, և ընդհակառակը, երբ մի բան չես հասցնում և երազում ես, որ այն դանդաղի, այն սկսում է սլանալ: Այս ամենից հետո ավելի ես շփոթվում, և քո առջև է հառնում հարցերի մի կույտ, կապված ժամանակի և նրա կառավարման հետ:

Իսկ դուք փորձե՞լ եք երբևէ պարզել, թե ինչ-կարող եք անել 1 րոպեում: Մեկ րոպե կտրվեք ձեր գործից և փորձեք, կզգաք, թե ինչքան անսովոր է, նույնիսկ կմտածեք, թե հիմարություն է, բայց շատերը նույնիսկ չեն կարող հստակ մեկ րոպեն հաշվել, մեկի մոտ այն ավելի արագ կստացվի, մյուսի մոտ այն  կհասնի միչև 100 վայրկյան, իսկ եթե խոսքն արդեն ժամի, օրի և շաբաթվա մասին է……..Եվ էլի կստացվի, որ մենք չկարողացանք կառավարել ժամանակը, մենք չենք կարողանում զգալ ժամանակը: Իհարկե կան կյանքում դրական հերոսներ, ովքեր գոնե փորձում են վերահսկել ժամանակը, պլանավորում են ամեն-ինչ, բայց իհարկե նրանք լավ գիտեն, որ օրվա մեջ մեկ ժամը հարկավոր է ազատ թողնել չկանխատեսված իրավիճակների և դեպքերի համար (կոշիկի կրունկն է ջարդվել, մեքենան է փչացել, դուռն է փակվել.........և այլն): 

Ամերիկացի մենեջերների ղեկավար Պիտեր Դրուկերը իր քարտուղարուհուն խնդրում էր ամսվա սկզբից ժամ առ ժամ պլանավորել իր գործունեությունը, իսկ ընթացքում հետևել և ամսվա վերջում ներկայացնել այն ընդհանուր ժամանակը, որ նա կորցրել է հենց այնպես: Եվ Դրուկերը միշտ զարմանում էր այդ ցուցանիշի վրա, թե երբ հասցրեց այդքան ժամանակ կորցնել:

Թվում է, թե հեշտ գործ է պլանավորումը, նպատակներ դնելն ու ուղիներ գծելը: Այո, հեշտ է, բայց այն հստակ իրականացնելը դժվար է ավելի: Մենք անգիտակցորեն ժամանակի մեծ մասը վատնում ենք, սպասումների, բացասական ապրումների, կասկածանքների, անիմաստ մտորումների վրա և դադարում ենք գործել: Բայց չկա առավել հագեցած ժամանակ, քան պլանավորված ժամանակն է: Խնայած ժամանակը թույլ է տալիս  խորացնել մեր գիտելիքները ցանկացած ոլորտում: Բացի այդ ժամանակի երկարատև պլանավորումից հետո սկսում ես արդեն դրա անհրաժեշտությունը չզգալ, քանի որ սկսում ես զգալ ժամանակը, զգալ կյանքի իմաստը:

Եթե որոշել եք պլանավորել, ապա հիշեք.

Առավոտյան ժամանակը ավելի հարմար է աշխատանքային և դժվար խնդիրները լուծելու, բարդ գործողություններ կատարելու համար, նոր որոշումների կայացման համար:

Ցերեկային ժամանակը օգտագործեք մեխանիկական աշխատանքների համար:

Երեկոյան ժամանակը ավելի հարմար է տնային գործերի, գիրք կարդալու, երժշտություն լսելու համար, որը նույնպես շատ կարևոր է:

Այսպիսով, հարկավոր է կազմակերպել սեփական օրը, կազմել մանրակրկիտ ծրագիր կամ նշել այն մինիմում գործերի քանակը, որը դուք կհասցնեք անել այդ օրը, և իրականցնել դրանք: Բայց այդ մինիմում գործերի քանակը սկզբնական շրջանում ավելի քիչ պետք է լինի, քան դուք իրականում ունակ եք կատարելու: Այդ հոգեբանական տակտիկան ձեզ կօգնի սկզբում, որպեսզի ավելի ինքնավստահ լինեք և կարողանաք զգալ ձեր առավելությունը ժամանակի հանդեպ, հետո կարող եք քիչ-քիչ ավելացնել դրանք:

  Լավ կլինի, որ այդ ցուցակն անընդհատ աչքի առջև լինի: Կարևոր է նաև, որ պլանավորված աշխատանքի որակը և անհրաժեշտ ժամանակի քանակը համապատասխանեն իրար:

Դեռև հնում Պլատոնը պլանավորման մասին խոսելիս գտնում էր, որ կարևորագույն 6 ժամը պետք է հատկացնել քնին, 6 ժամը` աշխատանքին, 6 ժամ հոգևոր հանգստին (գիրք կարդալ, երժշտություն լսել, մեդիտացիաներ կատարել), 6 ժամ էլ ֆիզիկական գործերին (մարզանքներ, սպորտ, տնային գործեր, հիգիենա, զբոսանք և այլն): Սակայն ամեն մեկը կարող է ինքը ընտրել  և կազմել իր անհատական գրաֆիկը:

Միակ խոչընդոտը կարող է լինել ձեր չկամությունն ու ստիպված այդ գործերի կատարելը, որը հակառակ արդյունք կտա միանշանակ: Պետք է ի սկզբանե դրական տրամադրվել և մեծ պատրաստակամությամբ սկսել ժամանակի վերահսկումը, և միայն այդ դեպքում ձեր կյանքը ավելի հագեցած կդառնա, և դուք կդառնաք ավելի ուժեղ, անկոտրում, քանի որ թեկուզ աննշան զգացողությունը, որ դուք կարող եք վերահսկել անկառավարելի երևույթը` ժամանակը, անձի ինքնավստահության և ինքնահաստատման մեջ անմիջական դեր ունի:

Ի տարբերություն հնադարում ապրող մարդկանց, ովքեր նույնիսկ ժամի մասին պատկերացում չեն ունեցել և ժամանակը վերահսկել են արևամուտի և արևածագի միջոցով, երկնքին նայելով` այսօր յուրաքանչյուրիս ձեռքին կամ ժամացույց է կապած, կամ յուրաքանչյուրն իր մոտ ունի բջջային հեռախոս, բայց նույնիսկ դա կարծես թե չի օգնում մարդկանց, քանի որ միևնույնն է շատերի համար ժամանակը չի բավարարում, որ կարողանան մտածել, երբ պետք է կամ չմատեծել, երբ պետք չէ, քայլել և զգալ, որ քայլում ես, լսել թռչունների ձայնը և միայն լսել:

Ժամանակը սլանում է, և այն գնալով դառնում է ավելի քիչ: Ժամանակը սլանում է, և դրա հետ սլանում են նաև մեր կյանքի տարիները, իսկ մեզ մնում են միայն հիշողություններ: Մեզանից է կախված, թե որքան շատ կլինեն այդ հիշողությունները, և որքան հագեցած կլինի մեր կյանքը:

 

www.hogeban.info

 

Make a free website with Yola