Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ

Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզը (ցիկլոֆրենիա, ցիրկուլյար պսիխոզ) էնդոգեն հիվանդություն է, որն առաջին անգամ որպես հիվանդություն նկարագրել է գերմանացի հոգեբույժ Է. Կրեպելինը (1896թ.):

Հիվանդությունը համեմատաբար հազվադեպ է հանդիպում (հոսպիտալացված հիվանդների 3-5%), ընդ որում, կանայք համարյա թե երկու անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ: Այս առավելապես սկսվում է միջին տարիքում (30-40 տարեկան):

Հիվանդությունն ունի բարորակ ընթացք, հիվանդության դեգրադացիա չի առաջանում նույնիսկ այն դեպքում, երբ հոգեկան խանգարման փուլերը հաճախ են կրկնվում: Միջփուլային շրջանում հիվանդը հոգեպես լրիվ առողջ էր:

Մանիակալ դեպրեսիվ պսիխոզին բնորոշ է պարբերականությունը: Հիվանդությունն ընթանում է մի քանի օրից մինչև մի քանի ամիս տևողությամբ` մանիակալ կամ դեպրեսիվ փուլերով: Չնայած այդ փուլերի հաջորդականության մեջ որոշակի ընդգծված օրինաչափություն չկա, այնուամենայնիվ առանձնացնում են դրանց ընթացքի մի քանի ձևեր:

Պարբերական ընթացքը հիմնականում բնորոշվում է միևնույն փուլերի հաջորդականությամբ, դրանց միջև ընկած լուսավոր շրջաններով:

Փոփոխվող ընթացքի դեպքում փուլերը հաջորդափոխվում են կլինիկական հակադիր (մանիակալ կամ դեպրեսիվ) վիճակներով:

Երկբևեռ ընթացքի դեպքում հիվանդության կուսավոր շրջանն սկսվում է մեկը մյուսին անընդմեջ հաջորդող երկու փուլերց հետո:

Տևական ընթացքի դեպքում հիվանդությունն ընթանում է անընդմեջ, առանց լուսավոր շրջանների:

Որոշակի նշանակություն ունի նաև տարվա եղանակը (գարնանն ու աշնանն այս հիվանդությամբ ավելի հաճախ են հիվանդանում):

Հիվանդության առաջացման գործում մեծ նշանակություն է տրվում ժառանգական գործոնին: Նշանակություն ունեն նաև <<կոնստիտուցիոնալ>> առանձնահատկությունները: Պիկնիկ և ցիկլոիդ կազմվածքային առաձնահատկություն ունեցող անձնավորություններն այս հիվանդությամբ առավել հաճախ են հիվանդանում:

Կլինիկական պատկերը

Հիվանդությունն ընթանում է երկու փուլով` մանիակալ և դեպրեսիվ:

Մանիակալ փուլը հիմնականում բնորոշվում է ախտանիշների եռյակով` տրամադրության բարձրացում, մտածողության ընթացքի արագացում և հոգեշարժական գրգռվածություն:

Հիվանդների տրամադրությունը խիստ բարձր է: Նրանք անհոգ են, երգում են, պարում, արտասանում, կատակում ու սրախոսում:  Խոսում են անընդհատ, առանց դադարի, բարձր ձայնով: Շատ խոսելուց ձայնը դառնում է խռպոտ, թուքը բերանում բարձրանում ու կուտակվում է շրթունքների անկյունում: Խոսում են ամեն ինչի մասին, հաճախ մի միտքը չվերջացրած անցնում են մյուսին (<<մտքի ցատկ>>): Հիվանդության ծանր դեպքերում մտքի հոսքն այնքան արագ է, որ անկապության տպավորություն է թողնում: Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է աշխույժ դիմախաղով, խիստ արտահայտիչ  շարժուձևով: Հիվանդներն արտահայտում են իրենց անձի գերագնահատման մտքեր, խոսում են իրենց արտակարգ ֆիզիկական ուժի, բացառիկ ընդունակությունների մասին: Իրենց համարում են ամենագետ, տաղանդավոր, ամբողջ երկրում, նույնիսկ աշխարհում ճանաչված մարդ:

Վերոհիշյալ բոլոր ախտանիշանները զուգորդվում են հիվանդի հոգեշարժական գրգռվածությամբ: Նրանք անընդհատ ոտքի վրա են, շարժման մեջ: Շփման մեջ են մտնում բոլորի հետ, հեշտ ծանոթություններ ստեղծում: Ձգտում են աշխատել, ամենքին օգնել, շուրջը ստեղծելով անկարգություն, կեղտ ու քաոսային իրարանցում: Հիպերսեքսուալ են, շատակեր, ուտում են կանգնած, արագ:

Հիվանդների վիճակը երեկոյան ավեի է ծանրանում:

Դեպրեսիվ փուլը բնորոշվում է մանիակալ փուլին հակառակ ախտանիշների եռյակով` տրամադրության անկում, մտածողության ընթացքի դանդաղում և հոգեշարժական արգելակում:

Հիվանդների տրամադրությունն  ընկած է: Նրանց դեմքն արտահայտում է տանջանաք, տխրություն, թախիծ, վիշտ: Ողջ շրջապատը հիվանդների կողմից ընկալվում է մռայլ գույներով: Հիվանդների տրամադրության անկումն ու թախիծն ուղեկցվում է սրտի և կրծքի շրջանի ծանր ու սեղմող լարվածությամբ և տանջալից ցավի զգացմամբ (<<սրտային թախիծ>>):

Դեպրեսիվ հիվանդների մտածողության ընթացքը դանդաղեցված է: Հարցերին պատասխանում են դժվարությամբ, ցածրաձայն և ուշացումով, հաճախ հարկ է լինում կրկնել, իսկ լրիվ արգելակման դեպքում բոլորովին չեն խոսում:

Բնորոշ են տագնապով ու վախով ուղեկցված ինքնամեղադրման ու ինքնանվաստացման մտքերը: Հիվանդներն իրենց համարում են մեղավոր ու արժեզրկած, անցյալը` սխալներով լի մի շրջան, ներկան ընկալում են որպես անբացատրելի ու անելանելի տառապանք, իսկ ապագան անհեռանկարային ու մռայլ: Բնորոշ ախտանշան է հոգեկան անզգայացումը: Հիվանդները գտնում են, որ դարձել են անտարբեր, կորցրել են անգամ իերնց հարազատների, իրենց երեխաների նկատմամբ ուեցած զգացմունքները: Այդ բոլորը հասկանալով հանդերձ` նրանք չափազանց ծանր են վերապրում հույզերի, հատկապես սիրո զարգացման կորուստը: Հիվանդների մոտ ինքնամեղադրման, ինքնանվաստացման և ոչ լիարժեքության մտքերը հաճախ ինքնասպանության մտքերի ու փորձերի են հասցնում:

Դեպրեսիվ փուլը բնորոշվում է նաև շարժողական արգելակմամբ, որն արտահայտվում է թեթև կաշկանդվածությունից (սուբստուպոր) մինչև արգելակում (դեպրեսիվ ստուպոր):

Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի խառը ձևերի ժամանակ մանիակալ և դեպրեսիվ ախտանշանները միահյուսվում են, արտահայտելով զայրացած մանիայի, մանիակալ ստուպորի, գրգռված դեպրեսիայի (մելամաղձություն) և այլ հոգեախտաբանական պատկերներով:

 

Բուժումը

Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի բուժումը պետք է տարվի անհատական ձևով, ընտրողաբար` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը (մանիակալ կամ դեպրեսիվ վիճակ) փուլերի արտահայտվածության աստիճանը, հիվանդի տարիքը, մարմնական վիճակը և այլն:

Դեղամիջոցները պետք է նշանակել ընտրողաբար, մեծ և աճող դոզաներով (չպետք է մոռանալ, որ փոքր դոզաներով կատարվող բուժման դեպքում լավացումը դանդաղ է տեղի ունենում և դեղորայքի նկատմամբ կայունություն է առաջանում): 

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.