Զուգընկերոջ ընտրության մեխանիզմներն ու պարադոքսներ

Միջանձնային ընտրությունների մեխանիզմներից առաջինը մերժում ստանալուց ամեն կերպ խուսափելու մեխանիզմն է: Շատ մարդիկ ցանկանում են որպես մտերիմ ընկեր ընտրել շատ գրավիչ մարդու, բայց երբ  գալիս է կոնկրետ ընտրության պահը, նրանք իջեցնում են իրենց հավակնությունների մակարդակը և ընտրում են պակաս գրավիչ մարդու:  Այսպես ցանկության և իրականության միջև որոշ խզում է առաջանում, որի հիմնական  պատճառը մերժում ստանալուց վախն է, մի հակում, որը բնորոշ է հսկայական թվով մարդկանց: Այս երևույթը սիրո և մարդկային փոխհարաբերությունների ոլորտում հոգեբանական մի ավելի ընդհանուր օրինաչափության դրսևորումն է. մարդկանց զգալի մասը ոչ այնքան ձգտում է հասնել հաջողությունների ու մեծ նվաճումների, որքան մտահոգված են ամեն կերպ խուսափելու պարտությունից: Մարդիկ աշխատում են անհաջողության մատնվելու հավանականությունը հասցնել նվազագույնի:

Նմանը նմանին է ընտրում: Երկրորդ մեխանիզմը, որը գործում է միջանձնային ընտրությունների գործընթացում, մարդկանց հայտնի է որպես <<նմանը` նմանին>> ընտրության տրամաբանությամբ: Դա արտահայտվում է նախ և առաջ ըստ ընդհանուր գրավչության իրենց նմանին ընտրելով: Միմյանց նման և մոտավորապես նույն արտաքին հմայքն ունեցող մարդկանց միջև կարող է ձգողական ուժ առաջանալ: Եթե դրանք տարբեր սեռերի ներկայացուցիչներ են, ապա կարող են մտերիմ դառնալու հակում ունենալ: Այս մեխանիզմի վրա կատարվող ընտրությունը կարող է շատ իրատեսական լինել:

Վերագրում: Մարդիկ հակված են իդեալականացնել սիրած տղամարդուն կամ կնոջը: Այս երևույթը նկատել է դեռևս 19-րդ դարի ֆրանսիացի հայտնի գրող Ստենդալը, որն այն անվանել է բյուրեղացում: Սիրահարվելիս մարդիկ ոչ այնքան ընկալում են դիմացինի իրական հատկությունները, որքան ցանկալի գծեր են վերագրում, և փաստորեն սիրում այդ ֆանտաստիկ էակին, որին հոգեբանորեն իրենք են ստեղծել:

Թեև կյանքում հիմնականում գործում է նմանը նմանին կամ համապատասխանության սկզբունքը, բայց լինում են նաև բացառություններ և պարադոքսներ: Օրինակ, մենք տեսնում ենք երբեմն առաջնակարգ գեղեցկուհուն տգեղ տղամարդու գրկում կամ գեղեցիկ տղամարդուն տգեղ կնոջ գրկում: Այս դեպքում մենք սկսում ենք մտածել, որ տղամարդը ունի թաքուն, կողմնակի, դիտողի համար անտեսանելի գծեր, որոնք հայտնի են դարձել տվյալ կնոջը: Ակնհայտ առավելություններից կարող է լինել տղամարդու արտակարգ խելքն ու տաղանդը, հռետորական ընդունակությունները, հաջողականությունը կամ բախտավորությունը:

www.hogeban.info

 

 

Make a free website with Yola