Տարբեր քաղաքակրթություններում երեխաները զարգացման ընթացքում ապրում են մի շարք ընդհանուր վախեր` նախադպրոցական տարիքում մորից բաժանվելու, մթության և կենդանիների վախերը, 6-8 տարեկանում ` մահվան վախը և այլն: Դա ապացուցում է զարգացման ընդհանուր օրինաչափությունները, երբ զարգացող հոգեկան կառույցները սոցիալական գործոնների ազդեցության տակ գործոնների ազդեցության տակ հիմք են հանդիսանում նույն վախերի առաջացման համար:

Հղիության շրջան և ծննդաբերություն: Ինչպես հայտնի է, մարդու հուզական ոլորտի հիմքերը դրվում են դեռ ներարգանդային զարգացման շրջանում, հետևաբար անհանգստությունը, որն ունենում է կինը հղիության ժամանակ, հանդիսանում է երեխայի անհանգստության առաջին փորձը: Ըստ հոգեվերլուծության (ֆրոյդ Զ. Ռանկ օ.) ծնվելու ակտը երեխայի համար հանդիսանում է այնքան տրավմատիկ իրադարձություն, որ իր ողջ հետագա կյանքում նա փորձում է վերապրել այդ դեպքն ու ազատվել վախի զգացողությունից:

Կյանքի առաջին տարին - Իրական կյանքում երեխան հաճախ հանդիպում է շատ դժվարությունների ու վտանգերի, և կյանքի փորձի բացակայության պայմաններում առաջին հայացքից նորմալ երևույթները նրա մոտ սարսափ են առաջացնում: Անձի բնավորության կայացման ամենակարևոր շրջանը մանկությունն է: Ծնվելով, երեխան ընկնում է անհասկանալի աշխարհ, որի հետ շփման առաջին փորձերը վառ են, որ մոռանալով իր մանկական տպավորությունները, մարդը զգում է և գտնվում է նրանց ազդեցության տակ ողջ իր հետագա կայնքում:

Երեխայի կյանքի առաջին ամիսներին անհանգստությունը հիմնականում առաջանում է այն ժամանակ, երբ չեն բավարարում կենսակարևոր պահանջմունքները` սնունդ, քուն, ակտիվություն, ջերմություն և այլն, այսինքն ` այն ամնեը, ինչ որոշում է նորածնի ֆիզիկական և հուզական շփումները, որի բավարարման աստիճանը մոր կողմից ազդում է երեխայի հուզական զարգացման և տոնուսի վրա: Դրա դրսևորման առաջին ձևը երեխայի պատասխան ժպիտն է: Երկրորդ ամսում առաջանում է աշխուժացման կոմպլեքսը. Երեխան անհանգստանում է մոր բացակայության ժամանակ և նոր շրջապատում: Մոր բացակայության դեպքում անհանգստությունը առավել ցայտուն է դառնում 7, իսկ օտար դեմքերից վախը 8-րդ ամսում, ինչը վկայում է, որ երեխան տարբերակում է մոր դեմքը և ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում: Այսինքն ` մոր բացակայությունը առաջին տրավմատիկ  փորձն է, որի հետագա ամրապնդումը բերում է միայնության վախի առաջացմանը և ընդհանուր տագնապությանը: 8-րդ ամսում բարձրանում է երեխայի զգայունակությունը մոր ձայնի ու երաժշտական ձայների նկատմամբ:

Այսպիսով, 7-9 ամիսները տագնապի ու վախի զարգացման համար բավական զգայուն շրջան են: Սկսած 14-րդ ամսից նկատվում է անհանգստության պակասում մոր բացակայության դեպքում: Սա նոր փորձի կուտակման, մտածողության ` որպես ինտելեկտուալ-խոսքային գործունեության զարգացման փուլն է: Ընդ որում պահպանվում է բարձր զգայունակությունը հարազատների հուզական վիճակի նկատմամբ: Առաջին տարվա վերջում մոր հուզական կերպարը այդքան ամբողջականություն էլ չի պարունակում, ինչպես ավելի վաղ շրջանում: Այստեղ մայրը արդեն ստիպված է որոշ բաներ արգելել երեխային, ինչը հակասում է երեխայի մոտ ստեղծված հուզական կերպարին և նրա հույզերի ու ցանկությունների անմիջական արտահայտմանը: Այս շրջանում երեխային տրված ինքնուրույնության հնարավորությունը, ազատությունը, ինչպես նաև դրական վերաբերմունքը վայր ընկնելուն և այլն, զարգացնում է ինքնավստահություն, կամայնություն, երբ քայլելու փորձերից և ընկնելուց հետո, երեխան շարունակում է պայքարել «դժվարությունների դեմ»:

Այստեղ անփոխարինելի դեր ունի նաև հայրը: Եթե նա խաղում է երեխայի հետ, խրախուսելով երեխայի քայլերը, այլ ոչ թե ձգտում է հրամաններ տալ և վարժեցնել իրեն ցանակալի ձևով, ապա երեխայի հուզական կապը հոր հետ ավելի է ամրապնդվում: Հակառակ դեպքում երեխան սկսում է վախենալ ծնողների սպասումների չհամապատասխանելուց և պատժվելուց: Այս տարիքին բնորոշ են վախը օտար մարդկանցից, որոշ անծանոթ առարկաներից, ջրից, լողալուց:

 

Այսպիսով առաջին տարին կարևոր էտապ է ողջ հետագա հուզական զարգացման ընթացքում:

1-3 տարեկան հասակ: Այս տարիքում ինտենսիվ զարգանում են գիտակցությունն ու խոսքը, կոորդինացվում են շարժումները, կատարելագործվում են վարքի հետազոտական ձևերը, առաջանում է հաստատակամություն դժվարություններ հաղթահարելու ժամանակ: 2 տարեկանում տեղի է ունենում սեփական ես-ի գիտակցումը, սեռերի միջև տարբերությունների հասկացումը: Նման որակների առաջացումը հնարավոր է միայն բարեկեցիկ ընտանիքներում, կոնֆլիկտների ու հուզական լարվածության բացակայության պայմաններւոմ: Հակառակ դեպքում երեխայի մոտ մեծանում է տագնապությունը, լարվածությունը, ինչը արտահայտում է ուտելիքից հրաժարվելու, քնի խանգարման, կենսախնդության իջեցման մեջ: Այս շրջանում առաջանում են նոր վախեր: Մղձավանջային երազների գլխավոր դերակատարը հիմնականում հանդիսանում է գայլը: Նրա պատկերը առաջ է գալիս հեքիաթներ լսելուց հետո, հատկապես այն երեխանների մոտ, որոնք վախենում են հորից: 4 տարեկանի մոտ երազներում կարող է հայտնվել նաև հեքիաթային ու մուլտ այլ հերոսներ, ինչն արտացոլում է երեխայի ու մոր ոչ ադեկվատ հարաբերությունները մոր չափազանց խիստ լինելու դեպքում: Ահա թե ինչու 2 և 3 տարեկան երեխաները ծնողներին խնդրում են սպանել գայլին ու մյուս հերոսներին սարսափելի երազներից ազատվելու համար: Նման խնդրանքները չպետք է աչքաթող անել և հաշվել դատարկ քմահաճույքներ, քանի որ վերոհիշյալները, ապրելով երեխայի ենթագիտակցության մեջ, միշտ վկայում են ինչոր տագնապալի երևույթների մասին, որոնք որպես կանոն պայմանավորված են մեծահասակների հետ փոխհարաբերություններվ:

Այս տարիքին բնորոշ են հատկապես վախը մոր հետ բաժանվելուց, որոշ առարկաներից, հեքիաթային հերոսներից և գիշերային վախերը:

3-5 տարեկան հասակ: Սա ես-ի հուզական ամբողջականացման շրջանն է: Զգացմունքները արդեն նշվում են բառերով, արտահայտված է ձգտումը հասկանալուն, վստահությանը, այլ մարդկանց հետ մոտիկությանը: Ձևավորվում է «մենք» հասկացությունը, որի տակ երեխան ենթադրում է սկզբում իրեն ու ծնողներին, հետո իրեն ու հասակակիցներին: Ձևավորվում են մի շարք էթիկական կատեգորիաներ, այդ թվում նաև մեղքի զգացողությունը և էմպաթիան: Մեծանում է երեխայի ինքնուրույնությունը, ֆանտազիան է զարգանում, դրա հետ մեկտեղ նաև երևակայական վախերի հավանականությունը:

Բնորոշ են միայնության, մթի ու փակ տարածության, ծնողների կամ այլ մեծահասակի բղավելու վախերը: Երեխան վախենում է միայնակ քնելուց, անընդհատ կանչում է մորը, ստիպում է, որ լույսը վառ թողնեն, իսկ դուռը` կիսաբաց: Անհանգստությունը կարող է նաև ավելանալ մղձավանջային երազներ սպասելուց: Ծնողները պետք է խնդիր չսարքեն նման տարիքային վախերից, ճիշտ ժամանակին հանգստացնեն երեխաներին, նուրբ խոսեն նրանց հետ և հատկապես զբաղվեն երեխաների հետ ցերեկը, որ քնելու ժամանակ չառաջանան ավելորդ նևրոտիկ պահանջներ: Երեխան կարող է վախենալ փակ տարածությունից, հատկապես եթե մնում է մենակ կամ փակվում է որևէ սենյակում որպես պատիժ: Նման «դաստիրակչական միջոցառումները » բազմաթիվ շեղումների հիմք կարող են ծառայել ` կակազություն, և նյարդային տիկեր և այլն:

5-7 տարեկան հասակ: Այս շրջանի կարևոր գծերից մեկը հանդիսանում է աբստրակտ մտածողության զարգացումը, ընդհանրություննների, դասակարգումների կարողությունը, ժամանակի ու տարածության կատեգորիաների գիտակցումը: 5-7 տարեկանում առաջատար է հանդիսանում մահվան վախը: Նրա առաջացումը նշանակում է ժամանակի ու տարածության մեջ տեղի ունեցող տարիքային փոփոխությունների անդառնալիության գիտակցում: Այսպես, թե այնպես կարող է արտահայտվել այն դեպքում, եթե ծնողները երեխայից պահանջում են ավելի մեծ ինքնուրույնություն, քան ինքը ունակ է: Մահվան վախը բարոյականէթիկական կատեգորիա է, որ նշում է զգացմունքների հասունության, խորության մասին, ու այդ պատճառով առավել արտահայտված է հուզականորեն զգայուն և տպավորվող երեխաների մոտ, որոնք ունակ են աբստրակտ մտածելու: Ըստ հետազոտությունների, մահվան վախը սերտ կապված է հարձակման, մթի, երազային հերոսների, հիվանդությունների և ծնողների մահվան, մղձավանջային երազների, կենդանիների, աղետների, կրակի, հրդեհի ու պատերազմների վախերի հետ: Վերջին 6 վախերը տիպիկ են հատկապես բարձր նախադպրոցական տարիքի երեխաների համար: Այս տարիքին բնորոշ է նաև ուշանալու վախը, որը հիվանդագին սրացած է ու չլուծվող ներքին անհանգստության նախանշան է, այսինքն նյարդային տագնապություն, երբ անցյալը վախեցնում է, ապագան տագնապ է ներշնչում, իսկ ներկան անհանգստացնում: Մահվան վախի դրսևորման նևրոտիկ ձևը հանդիսանում է վարակվելու վախը: Սովորաբար մեծերի կողմից ներշնչված հիվանդությունների վախ է, որոնցից ըստ իրենց խոսքերի կարելի է մահանալ:

7-11 տարեկան հասակ: Այս տարիքի երեխաներին բնորոշ է եսակենտրոնության պակասումը և անձի սոցիոկենտրոնության մեծացումը: Դպրոցականի սոցիալական դիրքը նրա վրա մեծ պատասխանատվության, պարտքի, պարտականության զգացողություն է դնում, ինչը ազդում է անձի բարոյական կողմերի զարգացմանը: Սա արտահայտվում է ծնողների մահվան վախի սրացման մեջ: Եթե մինչդպրոցական հասակում գերակշռում են ինքնապահպանման բնազդի հետ կապված վախերը, ապա այս ժամանակ առաջանում են սոցիալական վախեր, որոնցից գերակշռում է վախը չլինել այն, ում մասին այդքան խոսում են ու հարգում, գնահատում և հասկանում են: Այլ կերպ ասած, դա շրջապատող իրականության սոցիալական պահանջներին չհամապատասխանող վախն է: Այս տարիքի կենտրոնական գոյացությունը խիղճն է, որը սերտ կապված է մեղքի զգացողության հետ: Նախորդ փուլերում դիտարկված չհասցնելու, ուշանալու վախերը արտահայտում են մեղքի զգացողությամբ, երբ երեխան քննադատվում է մեծահասակների կողմից:

Գոյություն ունի «դպրոցական ֆոբիա» հասկացությունը, ինչը ենթադրում է որոշ երեխաներին հետապնդող վախը դպրոց հաճախելուց: Շատ հաճախ խոսքը ոչ այդքան դպրոց մտնելու, վախի մասին է, որքան ծնողներից բաժանվելու, տանից գնալու վախը, որոնց հետ երեխան սերտորեն կապված է: Սովորաբար դպրոց հաճախելու վախ չեն ունենում ինքնավստահ, սիրված, ակտիվ և հետաքրքասեր երեխաները, որոնք ձգտում են ինքնուրույն լուծել ուսման դժվարությունները և հասակակիցների հետ փոխհարաբերությունները: Հաճախ այս ֆոբիան ավելի սրում են ծնողները, երբ փորձում են ստուգել երեխայի գրած ու կարդացած ցանկացած տառ, իսկ սխալի դեպքում երեխան սկսում է վախենալ մոր բացասական վերաբերմունքից, ինչը տեղափոխվում է ուսուցչի նկատմամբ վախի և արգելակում է երեխայի կամքը ամենապատասխանատու պահերին: Հաճախ դպրոցական ֆոբիան պայմանավորված է լինում հասակակիցների հետ կոնֆլիկտներով նրանց կողմից ֆիզիկական ագրեսիայի դրսևորման ժամանակ: Սա ավելի նկատելի է հաճախակի հիվանդացող ու թուլակազմ տղաների մոտհատկապես նոր դպրոց տեղափոխվելու ժամանակ երբ արդեն առկա է ուժերի ներդասարանային բաշխում:

Դպրոցական վախերի կողքին այս տարիքին բնորոշ է նաև աղետների վախը` փոթորիկ, ջրհեղեղ, երկրաշարժ: Այն պատահական չէ, քնաի որ արտացոլում է այս տարիքին բնորոշ մտածողության տիպը` հակվածությունը մտածելու իրադրարձությունների <<ճակատագրական>> հոսքին, խորհրդավոր երևույթներին, սնոտիապաշտություններին:

11-16 տարեկան հասակ: Սա պատասխանատու շրջան է աշխարհայացքի, հարաբերությունների համակարգի, հետաքրքրությունների, հակումների ու ինքնագնահատականը, որը անխուսափելիորեն կապված է ինքնահարգանքի, ինքնավստահության հետ: Այս շրջանում պատանիները վախենում են ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկական փոփոխություններից: Փոփոխությունների վախը ունի նաև ֆիզիոլոգիական հիմնավորում, քանի որ սեռական զարգացման շրջանում տեղի են ունենում օրգանիզմի փոփոխություններ:

Բնորոշ են մահվան վախը, հիվանդանալու, աղետների վախերը: Վերջին երկուսը գերակշռում են աղջիկների մոտ: Պատանեկան հասակը աղջիկների մոտ ավելի լեցուն է վախերով, ինչը արտացոլում է նրանց հակվածությունը վախերին ընդհանրապես:

Բոլոր վախերը պայմանականորեն կարելի է բաժանել բնական ու սոցիալական վախերի: Բնական վախերը հիմնված են ինքնապահպանման բնազդի վրա, և բացի իրենց ու ծնողների մահվան վախից ներառում են նաև վախը ստվերներից, կենդանիներից, շարժվող տրանսպորտներից, աղետներից, բարձրությունից, խորությունից, հրդեհից, արյունից, սրսկումներից, բժիշկներից և այլն, իսկ սոցիալական վախերը դրանք միայնության, որոշ մարդկանց, չհասցնելու, ուշանալու, զգացմունքներին չտիրապետելու, հասակակիցների կողմից պատժվելու վախերն են: Այս շրջանում ի տարբերություն տղաների, աղջիկների մոտ վախերը շատ լավ թաքնվում են: Դրանց առկայությունը հիմնականում խոսում է իրեն պաշտպանել չկարողանալու մասին, անվստահության մասին:

Վախը նոր, հասուն մարմնի նկատմամբ բերում է նրան, որ երիտասարդը սկսում է մի կողմից ուսումնասիրել այն, իսկ մյուս կողմից ` դրա նկատմամբ զգալ ամոթ, գրգռվածություն, չընդունելու զգացում: Նման ամբիվալենտ զգացմունքները պատճառ են դառնում հակասական հուզական դրսևորումների, որոնք բերում են անհանգստության, տագնապլիության առաջացմանը:

Բոլոր պատանեկան ֆոբիաների պատճառը առաջին հերթին հանդիսանում են հենց փոփոխությունները սեռական ոլորտում հասունացման շրջանում: Առանձնացվում են այնպիսի վախեր ինչպիսիք են օրագրեր կարդալու վախը, ծխելու, ալկոհոլ օգտագործելու մասին ծնողների իմանալու վախը, մաստուրբացիայով զբաղվելու վախը և այլն:

 

www.hogeban.info

 

 
Make a Free Website with Yola.