Սթրեսները, ֆրուստացիաները և անձի ադապտացիայի ոճերն աշխատանքի ոլորտում

 

Ֆրուստրացիան  լատիներենից  թարգմանած  նշանակում  է  խաբեություն,  անօգուտ,  իզուր  սպասում,  հույսերի  և  պլանների  խորտակում,  հուսախաբություն:  Ֆրուստացիան   դիտվում  է  որպես  արգելք  նպատակներին  հասնելու  ճանապարհին: Ֆրուստրացիայի  վիճակին  հատուկ է հուսահատությունը,  անբավարարվածությունը,  զայրույթը  և  տագնապը:

Աշխատանքի ոլորտում սթրեսների և ֆրուստրակցիաների պատճառները:

1-ֆիզիկական միջավայրը, լուսավորվածությունը, միջավայրի աղտոտվածությունը, աղմուկը, ծուխը, մարդկանց խիտ բնակեցվածությունն ու կուտակումները և այլն:

2-աշխատանքի ծանրությունը, մեծ պատասխանատվությունը, ձանձրույթը, դերային կոնֆլիկտները:

3-սոցիալ – հոգեբանական սթրեսները, աշխատակիցների և ղեկավարների հետ վատ հարաբերությունները:

4-կազմակերպական սթրեսները, գերկազմակերպվածությունը կամ ընդհակառակը, աշխատանքային կոլեկտիվի անկազմակերպ վիճակը, վարվող քաղաքականությունից անտեղյակությունը, խտրականության տարբեր տեսակների առկայությունը, վճիռների կայացմանը մասնակցելու անհնարինությունը, սեփական համոզմունքներին դեմ գնալու անհրաժեշտությունը ղեկավարների ճնշման տակ և այլն:

Աշխատանքի ոլորտում մարդու վրա ազդող սթրեսներին  և ֆրուստրացիաներին միանում են նաև կյանքի այլ ոլորտներում առկա բացասական գործոնները, առօրյա կյանքի տհաճությունները, ամուսնական կոնֆլիկտները, սոցիալական կյանքում կատարվող կտրուկ փոփոխությունները և այլն: Այս վիճակում ապրելով մարդիկ իրենց տհաճությունները տեղափոխում են ընտանիք և այլ սոցիալական խմբեր, և ընդհակառակը այդ միջավայրում ունեցած կոնֆլիկտներն ու ֆրուստրացիաներն ազդում են աշխատանքի վայրում նրանց վիճակի վրա և նոր խնդիրներ են ծնում:

Աշխատանքային սթրեսների հետևանքները.

-սուբյեկտիվ հետևանքներից են տագնապը, ճնշվածությունն ու հոգնածությունը, ինքնահարգանքի նվազումը,

-վարքային հետևանքներն են հուզական պոռթկումները, ոգելից խմիչքների նկատմամբ հակվածությունը, շատակերությունը, ծխելը և այլ մոլուցքներ:

-իմացական հետևանքներից են ուշադրության և գիտակցության ոլորտի նեղացումը և աշխատանքային օբյեկտների վրա կենտրոնանալու դժվարությունը, վճիռներ կայացնելու ընդունակության թուլացումը և այլն:

-առողջական վիճակի փոփոխություններից կարելի է հիշատակել արյան բարձր ճնշումը և ադապտացիայի այլ հիվանդություններ:

Երկարատև ու լարված աշխատանքի հետևանքով մարդիկ հաճախ իրենց սպառված, գերշահագործված են զգում: Նրանք դառնում են ցինիկ, կոպիտ ու գռեհիկ` իրենց աշխատանքային ընկերների նկատմամբ, անզգա` մարդկանց կարիքների հանդեպ:

Ոմանց մեջ համոզմունք է առաջանում, որ բոլոր ջանքերն իզուր ու անօգուտ են, գործունեությունն ընդհանրապես` անհաջող: Այս վիճակին հասած մարդիկ երբեմն փոխում են իրենց գործունեության ասպարեզը:

Այսպիսի <<այրված>>, սպառված վիճակի ամենից հաճախ հասնում են այն անձիք, ովքեր իրենց գործունեությունը սկսել են մեծ կրքով ու նվիրվածությամբ, բարձր դրդապատճառներից մղված: Այժմ նրանք իրենց պարտված են զգում; Նման մարդիկ սովորաբար գիտակ մասնագետներ են լինում, որոնց հոգնեցրել են պրոֆեսիային ներկայացվող բարձր պահանջները և այն պատկերացումը, որ չեն հասել իրենց առջև դրված նպատակներին:Այսպիսի վիճակում հաճախ են հայտնվում ուսուցիչներն ու դասախոսները, հոգեբույժները, իրավաբանները, սպաները և այլ մասնագետներ:

Աշխատանքի ոլորտում խոր հիասթափությունն ու գերլարված վիճակը մարդկանց օտարված են դարձնում շրջապատից, նրանք անտարբեր են դառնում իրենց հաստատության գործերի նկատմամբ:

 

Ինչպես մեղմացնել աշխատանքային սթրեսները:

Այդ նպատակով անհրաժեշտ է բարելավել աշխատանքի ֆիզիկական պայմանները: Պետք է տեսնել, թե արդյոք անհամապատասխանություն չկա անձի ընդունակությունների և պրոֆեսիոնալ դերի միջև: Նման կոնֆլիկտները, որոնք անձ-դեր տիպին են պատկանում, կարելի է որոշ չափով կանխել մասնագիտության ընտրությունն ավելի ճիշտ կատարելու միջոցով: Աշխատանքի ոլորտում անձին ներկայացվող պահանջները պետք է ձևակերպվեն պարզ ու հստակորեն: Եթե աշխատողները գանգատներ ունեն, ապա ղեկավարները պետք է ուշադրությամբ լսեն նրանց և օգնեն: Աշխատանքի վայրում կարելի է կազմակերպել ֆիզիկական վարժություններ, հոգեբանական խորհրդատվություն և այլ միջոցառումներ: Աշխարհի առաջավոր երկրների շատ ֆիրմաներ այդ նպատակների վրա զգալի միջոցներ են ծախսում:

Հաճախ սթրեսներից ու ֆրուստրացիաներից ազատվելու լավագույն միջոցը աշխատանքի վայրը կամ նույնիսկ մասնագիտությունը փոխելն է:

 

Ադապտացիայի ոճերը աշխատանքի ոլորտում

 

Մարդու ունակությունները, հետաքրքրություններն ու անձնային գծերը պետք է համապատասխանեն աշխատանքին և դրա կատարման պայմաններին: Միայն այդ դեպքում նա իրեն բավարարված կզգա: Բարձր աշխատավարձը բավարարվածություն չի տալիս, եթե մարդն ամեն առավոտ մեծագույն տհաճությամբ է մեկնում իր աշխատանքի վայրը: Նման դեպքերում բացակայում է աշխատելու ներքին մոտիվացիան: Այդ վիճակում հայտնված մարդը չի կարող հաջող առաջխաղացում ունենալ իր գործունեության բնագավառում, իսկ ուրիշներից հետ մնալով չի կարող նաև սեփական անձի արժանապատվության բարձր աստիճան ունենալ:

Շատ կարևոր է կանխատեսել, թե արդյոք տվյալ անձնավորությունը կկարողանա հարմարվել այն աշխատանքի պայմաններին ու պահանջներին, որն ընտրում է որպես գործունեության հիմնական ասպարեզ: Յուրաքանչյուր մարդ ունի հարմարվելու իր սեփական ոճը և դրանից ելնելով էլ պետք է ընտրի իր մասնագիտությունն ու աշխատանքի վայրը, եթե իհարկե ընտրելու հնարավորություն կա: Այս խնդրով զբաղվել է ամերիկյան հոգեբան Ջոն Հոլենդը և առաջադրել է աշխատանքին  համակերպվելու տեսություն. ըստ որի գոյություն ունի համակերպման 6 ոճ:

1.      Իրատեսական – այսպիսի ոճ ունեցող մարդկանց մտածողությունը կոնկրետ է, նրանք մեխանիկական ուղղվածություն ունեն և սիրում են այնպիսի աշխատանք, որը մկանների ակտիվ շարժումների աշխատանք է պահանջում: Նրանք լավ են կատարում գյուղատնտեսական, բանվորական աշխատանքներ, սիրում են դառնալ էլեկտրիկներ, շինարարներ և այլն:

2.      Հետազոտական ոճ – այս տիպի անձինք ստեղծագործող են մեծ մասամբ ունեն ինտրովենտ խառնվածք, զարգացած վերացողական մտածողություն: Լավ են հարմարվում գիտահետազոտական հիմնարկներում, որոշ չափով նաև բուհերում:

3.      Արտիստական ոճ – ստեղծագործող են հուզականորեն էքսպանսիվ, ունեն զարգացած ինտուիցիա, շատ են հետաքրքրվում մարդկանց սուբյեկտիվ հոգեկան կյանքով: Սիրում են ակտիվորեն օգտագործել տեսողական ընկալումները: Հակված են աշխատելու արվեստի բնագավառում:

4.      Սոցիալական ոճ – այս ոճն ունեցող մարդիկ էքստրավերտներ են, շատ են մտահոգված սոցիալական խնդիրներով: Ունենում են լեզվական լավ ընդունակություններ, զարգացած խոսք, այլ մարդկանց հետ կապերի մեջ մտնելու պահանջմունք: Այս տիպի անձինք լավ են կատարում ուսուցչի, խորհրդատուի, սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեություն:

5.      Ձեռներեցներ – այս ոճն ունեցող անձինք բռնկուն են, հակված դեպի արկածախնդրություն, էքստրավերտներ են, հակված են տիրապետող դիրք գրավել հասարակության մեջ և կազմակերպություններում: Արդյունաբերության մարզում, սոցիալական և պետական կազմակերպություններում ձգտում են լիդերության և սիրում են պլանավորել ու ղեկավարել նման հիմնարկների գործունեությունը: Այս տիպի մարդկանց շարքերից են դուրս գալիս արդյունաբերական մեծ մագնատներն ու մեծ հողատերերը: 

6.      Կոնվենցիոնալ ոճ – այս տիպի մարդիկ հաճույք են ստանում առօրյա գործերից: Ունեն զարգացած ինքնավերահսկողություն, սիրում են կարգ ու կանոն ունեն խրախույսների և գովասանքների արժանանալու ուժեղ պահանջմունք: Նրանք հարուստ երևակայություն չունեն: Լավ են կատարում բանկային, հաշվապահական, գրասենյակային աշխատանքներ:

Հոգեբանական գրականության մեջ իրավացիորեն նշվում է, որ աշխատանքային գործունեության շատ տեսակներ պահանջում են համակերպման այդ ոճերի տարբեր կոմբինացիաներ: Օրինակ, կլինիկական և խորհրդատու հոգեբան աշխատելու համար պետք է միաժամանակ լինել հետազոտող, արտիստական և սոցիալական կողմնորոշվածության տեր անձնավորություն: Զինվորականը պետք է լինի և իրատես և կոնվենցիալ: Բայց բարձրաստիճան զինվորականները, ովքեր մեծ մասշտաբի գործողություններ են պլանավորում և պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, պետք է լինեն նաև նախաձեռնող, ձեռներեց անձնավորություններ:

Ավելացնենք, որ ստեղծվել են թեստեր վերը նկարագրված ոճերն ախտորոշելու և մարդկանց մասնագիտական կողմնորոշմանը օգնելու նպատակով:



www.hogeban.info

ՆԱԼՉԱՋՅԱՆ 

 

Make a free website with Yola