Նոր տարի, Նոր կյանք, Նոր նպատակներ

Ամեն տարին նման է մի գրքի, որի առաջին էջում տարվա սկզբից գրում ենք մեր յուրաքանչյուրիս կյանքի տվյալ պատմության ցանկը, հետո, թերթում, թերթում, և երբ տարին մոտենում է իր ավարտին, ավարտվում է նաև շատերիս պատմությունը, և մենք փակում ենք վերջին էջը: Նոր տարվա գիշերը դառնում է մեզ համար յուրահատուկ զգացողությունների փուլ, միջանկյալ ժամանակահատված, երբ կանգնում ես անցյալի և ապագայի սահմանների մեջտեղում: Մի ակնթարթ, երբ կյանքը կանգ է առնում և թույլ տալիս վերանայելով անցյալը` ստեղծել նոր պատմություն: Դա ամենալավ ժամանակահատվածն է, երբ կարող ես նոր նպատակներ և երազանքներ հիմնել:

Նոր տարի, նոր փոփոխություններ……..Սկսեք միանգամից և բուռն փոփոխություններ պլանավորեք կյանքի տարբեր ոլորտներում, գրեք նախօրոք, թե ինչ եք փոխելու նոր տարում:

Կարևոր փոփոխությունների շարքին առաջին հերթին պետք է դասել անձի փոփոխությունները   <<կարդալ>>

նպատակ դրեք փոխել, շտկել`

բնավորության ոչ ցանկալի գծերը

վերացնել վնասակար սովորություններն ու հակումները

դառնալ ավելի կամային, ավելի նպատակաուղղված

ձեռք բերել բարձր ինքնագնահատական և բարձր ինքնավստահություն

դառանալ ավելի օբյեկտիվ, անաչառ, չքննադատել

սկսած գործերը կատարել մինչև վերջ

սովորել ներել մարդկանց և քինախնդիր չլինել

……………………………………………………

………………………………………………….

….Հիշեք, որ մնացած փոփոխությունները կախված են առաջին հերթին հենց ձեր անձի զարգացումից:

 Հետո ձեռնամուխ եղեք փոփոխություններ գծագրելով կյանքի հետևյալ ոլորտներում`

·         Առողջություն

·         Ֆինանսներ

·         Արտաքին տեսք

·         Աշխատանք

·         Փոխհարաբերություններ

·         Անձնական կյանք

·         Գործուղումներ, ճանապարհորդություններ

Մտածեք և նպատակադրվեք, թե ինչ իրեր կան, որ դուք կցանկանայիք ձեռք բերել տվյալ տարում, կարող եք նույնիսկ ցուցակ կազմել:

Նոր տարվա տոնը շատերի համար ուրախություն է, իսկ շատ մարդկանց մոտ մենակության զգացում, տխուր զգացողություններ է առաջացնում: Ի±նչ անել այդ դեպքում:

Այն, որ շատերը չեն սիրում տոները, հոգեբանները գտնում են, որ դրան կա երկու պատճառ` իրավիճակային, խորքային:

Իրավիճակայինը կապված է հոգնածության հետ, որը կարող է արտահայտվել ֆիզիկական և հոգեկան մակարդակներում: Սովորաբար տոներից ամենից հաճախ դժգոհում են տղամարդիկ, քանի որ պատասխանատու են նվերների և այլ ծախսերի համար: Մարդիկ նաև մեծ էներգիա են ծախսում հյուրեր ընդունելիս, մեծ ուշադրությունը նրանց զբաղեցնելու, հյուրասիրելու և այլ հարցերի հանդեպ, ոմանց մոտ սկզբում ուժեղ լարվածություն է առաջացնում, որն էլ հոգեկան ու ֆիզիկական ուժերի սպառման արդյունք է դառնում: Բայց սա շտկելի հարց է, քանի որ երբ հաճելի միջավայրում զրույցով են տարվում, զվարճանում, ուրախանում, սկսում են լիաթոք ծիծաղել, տեսնում ընկերներին ու հարազատներին, որոնց երկար ժամանակ չէին տեսել, մոռանում են այդ հոգնածությունը, ընկղմվում <<տոնական էյֆորիայի>> մեջ և վայելում տոնը:

Խորքային խնդիրները ներքին բնույթ ունեն, շատ անգամ դրանց պատճառները չեն գիտակցվում, գտնվում են անգիտակցականի ճահճուտում: Նոր տարվա տոնը մեզ տանում է դեպի մանկություն և կախված մանկության շրջանում ապրած հիշողություններից` այն տարբեր մարդկանց մոտ տարբեր զգացողություններ է առաջացնում: Կան զուգորդություններ, որոնք նրանց մոտ ի հայտ են բերում, մենակության զգացում, տխրություն: Ոմանք, ունենալով խնդիրներ իրենց անձնական, ընտանեկան հարցերում,  տեսնելով տոնական աժոտաժը` սկսում են ավելի տխրել, ըմկղմվել մելանխոլիայի մեջ, քանի որ ունեն չլուծված խնդիրներ  ու կոնֆլիկտներ, որոնք իրենց կյանքից ամուր կառչել և քայլում են ամեն տեղ` տեղափոխվելով իրենց հետ տարուց տարի:

·         Մի պահ կանգնեք հայլու առջև, նայեք ձեզ, դուք այն մարդն եք, ով այդքան դժվարություններ է հաղթահարել, ով այդքան հարվածներից հետո կանգնել է այդտեղ, ժպտացեք, ուրախացեք, թեկուզ նրա համար, որ դուք այդքան ուժեղ մարդ եք: Հիշեք, որ եթե այդքանը կարողացել եք անել, ուրեմն ունակ եք նաև ավելիին, լցվեք դրական լիցքերով, հիշեք կյանքի լավ պահերն ու փորձեք ինչքան կարող եք շատ ուրախ միջավայրերում գտնվել ու վայելեք տոները, քանի որ դրանք ձեզ միայն կօգնեն, որպեսզի ուժ հավաքեք:

·         Նոր տարին դիմավորեք այն միջավայրում, որտեղ ձեզ ավելի հարմարավետ եք զգում:

·         Ոչ թե անհրաժեշտ է, այլ պարտադիր է կոնկրետ նպատակներ դնելը, և կարևորը հավատն է, որ դուք կարող եք այդ նպատակները իրականություն դարձնել:

Հոգեբանները հետազոտություններով պարզել են մի հետաքրքիր ֆենոմեն, համաձայն որի` մշակութային անձանց Նոր տարվա տոնը այդքան էլ չի ուրախացնում, ինչքան մնացած անձանց, դա նրանց համար սովորական օր է: Իմաստը նրանում է, որ մշակութային մարդու համար ամեն օրն այնքան պայծառ ու հագեցած է, ինչպես Նոր տարվա տոնը, իսկ նրանք, ովքեր ապրում են մռայլ, անհետաքրքիր կյանքով, մխրճված են առօրյա գործնական, կենցաղային խնդիրների մեջ, Նոր տարին դառնում է իսկական ուրախություն, ոմանց համար նույնիսկ խաբկանք, երբ սկսում են հրաշքների սպասել: Իրական կյանքում հրաշքներ չեն լինում, դրանք մենք ստեղծում ենք: Դրա համար ուղղակի երազել, որ այս տարին կանցնի ու խնդիրները կտանի իր հետ և ոչինչ չձեռնարկել, փոփոխությունների մասին չմտածել ու նպատակներ չդնել նշանակում է անհաջողության մատնվել. հիասթափություն կապրեք հենց տարվա սկզբից:

Նոր տարի, նոր կյանք,  նոր հույզեր......................Նոր տարի մտեք դրական կողմնորոշվածությամբ,  մտածեք այն ամենի մասին, ինչ պատրաստվում եք անել, ոչ թե նրա մասին, ինչ չեք կարողացել անել: Լցվեք դրական հույզերով և վայելեք տոնը, թող որ այդ օրերը ձեզ համար դառնան դրական, ուրախ հիշողությունների օրեր, չէ, որ իզուր չէ ասված, որ կյանքը դա մեր ապրած օրերը չեն, այլ այն օրերը, որոնք մենք հիշում ենք:



Նանա Փեթակչյան

 

Make a free website with Yola